
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը, որին մասնակցում են Հայաստանի և Իրանի առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներն ու փորձագետները։
Միջոցառման պաշտոնական բացմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Իր ելույթում նա բարձր է գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները և դրանց կարևորությունը Հայաստանի, մասնավորապես Սյունիքի համար։ Մարզպետը ողջունել է համաժողովի մասնակիցներին և քննարկումներին մաղթել արդյունավետ ու բովանդակալից ընթացք։
Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին նույնպես ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել մասնակցության համար և համոզմունք հայտնել, որ փորձագիտական խմբերի աշխատանքը կարող է նպաստել երկու բարեկամ երկրների համագործակցության հետագա զարգացմանը։
Համաժողովի նպատակն է նպաստել Երևանի և Թեհրանի մոտեցումների համադրմանը, բացահայտել երկու երկրների համագործակցության նոր ուղղություններ, ինչպես նաև մշակել գործնական առաջարկություններ՝ որոշում կայացնող մարմինների համար։
Աշխատաժողովի ընթացքում փորձագիտական քննարկումները վերաբերելու են քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային զարգացումներին և այլ հարցերի։
Համաժողովի ավարտին նախատեսվել է մշակել առաջարկություններ և ձևավորել հայ-իրանական փորձագիտական ինստիտուցիոնալ համագործակցության հետագա ծրագրերը։