
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը, հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը:
Վարչապետ Փաշինյանը և Դաշնային կանցլեր Մերցն անդրադարձել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետևողական զարգացման, ինչպես նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հեռանկարներին։
ՀՀ վարչապետի և կանցլերի հեռախոսազրույցին նախորդել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Գերմանիա: Մերցը համատեղ ասուլիսում հայտարարել էր՝ «Հարավային Կովկասն ավելի մեծ նշանակություն է սկսում ստանալ որպես Եվրոպան և Ասիան միմյանց կապող տարածաշրջան»: Նա հավելել էր, որ «նոր տրանսպորտային և առևտրային միջանցքները լուրջ տնտեսական ներուժ են ստեղծում, և Գերմանիան ցանկանում է օգտվել այդ ներուժից»։
Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն պատրաստվում է մեծացնել Գերմանիա մատակարարվող գազի ծավալները՝ մի շարք նախապայմանների կատարման դեպքում։