23 հուլիսի 2026 - 11:42 AMT
Թրամփ․ Հորմուզի նեղուցում հարձակումների դեպքում ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի կամուրջները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը նոր հարձակում իրականացնի Հորմուզի նեղուցում գտնվող որևէ նավի նկատմամբ, ապա ԱՄՆ-ն կխոցի Իրանի մեկ կամուրջ կամ էլեկտրակայան, այդ թվում՝ Թեհրանում կամ նրա մերձակայքում գտնվողները։ Այդ մասին նա գրել է հուլիսի 22-ի երեկոյան Truth Social սոցիալական ցանցում։

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ի պատասխան հարվածները կհետևեն անկախ այն հանգամանքից, թե ինչ տեսակի զենքով կթիրախավորվեն Հորմուզի նեղուցով անցնող նավերը՝ «հրթիռներով, անօդաչու թռչող սարքերով կամ որևէ այլ սարքով կամ զենքով», գրում է Deutsche Welle-ն:

Անցած շաբաթ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի մի շարք կամուրջների և օդանավակայաններից մեկին։ Սակայն այդ տեղեկությունները պաշտոնապես դեռևս չեն հաստատվել։ The Wall Street Journal առցանց պարբերականը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել է, որ հարվածների նպատակը Հորմուզի նեղուցի ափամերձ շրջանում տեղակայված Իրանի ռազմածովային բազայի մատակարարման շղթան խաթարելն էր։

Ի պատասխան՝ Իրանը վերսկսել է հարձակումները Պարսից ծոցի տարածաշրջանի հարևան երկրների նկատմամբ, որոնք համարվում են ԱՄՆ-ի դաշնակիցները, մասնավորապես՝ Քուվեյթի, Բահրեյնի և Կատարի ուղղությամբ։

Իրանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ իրականացվող հարվածները ռազմական հանցագործություններ են։ Իրանում և ամբողջ տարածաշրջանում քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ իրականացվող հարվածների կապակցությամբ մտահոգություն է հայտնել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ իր մամուլի քարտուղարի տարածած հայտարարության միջոցով։

Իր հերթին ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ բարձր ճշգրտության սպառազինությամբ խոցել են Իրանի տարածքում գտնվող տասնյակ «ռազմական թիրախներ», այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր և ափամերձ գոտու վերահսկման համար օգտագործվող ռադարային կայանքներ։

Հորմուզի նեղուցում Իրանի հնարավոր հարձակումների դեպքում կամուրջներն ու էլեկտրակայանները ոչնչացնելու սպառնալիքը վերջին օրերին Թրամփի հնչեցրած առաջին նման հայտարարությունը չէ։ Հուլիսի 21-ին նա ակնարկել էր, որ ԱՄՆ-ի հաջորդ թիրախներից մեկը կարող է դառնալ Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտը՝ «Փիքաքս լեռ» (Pickaxe Mountain) անվամբ։

ԱՄՆ-ի ռազմական գործողություններն Իրանի դեմ շարունակվում են արդեն 12-րդ օրը։ Արձագանքելով ԱՄՆ-ի սպառնալիքներին՝ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի ենթակառուցվածքների դեմ հարվածներին կպատասխանեն համարժեք միջոցներով։

«Մեր պաշտպանական դոկտրինը հստակ է՝ ակն ընդ ական։ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների վրա հարձակումները, կհանգեցնեն հզոր և վճռական պատասխանի», — X սոցիալական ցանցում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Photo. Reuters