23 հուլիսի 2026 - 12:26 AMT
Արարատում 2 հողամաս կնվիրաբերվի «ՄԼ Մայնինգին»․ Մոտ 200 բնակարան է կառուցվելու

Արարատ քաղաքում համայնքային 2 հողամաս անհատույց՝ նվիրաբերության կարգով կփոխանցվեն «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ին։ Ընկերությունը, իր հերթին, պարտավորվում է կառուցապատման արդյունքում բնակարաններ և հասարակական տարածք փոխանցել Արարատ համայնքին։ Այդ մասին ասվում է կառավարության հուլիսի 23-ի նիստի օրակարգային հարցերից մեկում։

Խոսքը Ս. Շահումյան փողոցի 20 և 37/1 հասցեներում գտնվող հողամասերի մասին է։ Խորհրդային տարիներին այդ հասցեներում բազմաբնակարան շենքեր են եղել, հայտնում է Factor.am-ը:

Շենքերի քանդման ժամանակ բնակիչները ազատել են իրենց բնակարանները՝ պայմանով, որ նույն տարածքներում նոր շենքեր կառուցվելու դեպքում բնակարան կստանան։ Շինարարությունը սկսվել է, սակայն ավարտին չի հասցվել, իսկ քաղաքաշինական փաստաթղթերը չեն պահպանվել։ Այդ պատճառով անավարտ շինությունները գրանցվել են որպես ինքնակամ կառույցներ։ Դրանք ներկայում տեխնիկապես անբավարար վիճակում են, չեն համապատասխանում գործող նորմերին և ենթակա են քանդման։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ 48 ընտանիք մինչ այժմ չի ստացել նախատեսված բնակարանը, և համայնքը, որպես նախկին տեղական իշխանության իրավահաջորդ, շարունակում է կրել այդ պարտավորությունը։

«ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն 2026 թվականի փետրվարի 11-ին Արարատի համայնքապետարան է ներկայացրել ներդրումային ծրագիր՝ առաջարկելով կառուցապատման նպատակով իրեն նվիրաբերել Ս. Շահումյան փողոցի 20 հասցեում գտնվող 0.25608 հա, ինչպես նաև Ս. Շահումյան փողոցի 37/1 հասցեում գտնվող 0.10762 հա հողամասերը։ Այսպիսով, ընկերությանը պետք է փոխանցվի շուրջ 0.364 հա համայնքային հող։

Հողամասերի վրա առկա են երկու անավարտ ինքնակամ շինություններ՝ համապատասխանաբար 1231.3 քմ և 451.11 քմ մակերեսներով։ Նոր սեփականատերը պետք է քանդի դրանք, որից հետո կառուցի նոր բազմաբնակարան շենքերը։

Ծրագրով մինչև 2030 թվականը նախատեսվել է կատարել ավելի քան 3 միլիարդ դրամի ներդրում, կառուցել երկու բազմաբնակարան շենք, ունենալ ընդհանուր առմամբ 198 բնակարան և ստեղծել մոտ 50 աշխատատեղ։

198 բնակարաններից 48-ը պետք է անհատույց փոխանցվեն Արարատ համայնքին։ Յուրաքանչյուր բնակարանի միջին մակերեսը պետք է կազմի մոտ 68 քմ, իսկ համայնքը դրանք պետք է տրամադրի նախկին պայմանագրերով բնակարան ստանալու իրավունք ունեցող ընտանիքներին կամ նրանց իրավահաջորդներին։ Մնացած 150 բնակարանները ընկերությունը նախատեսում է վաճառել՝ ներդրումները վերադարձնելու և շահույթ ստանալու նպատակով։

Բացի բնակարաններից, ընկերությունը համայնքին պետք է անհատույց փոխանցի նաև մոտ 686 քմ հասարակական նշանակության տարածք, որը նախատեսվել է հետագայում օգտագործել որպես նոր գրադարան։

Արդյունքում ընկերությունը սեփականության իրավունքով անհատույց կստանա երկու հողամասերը՝ դրանց վրա գտնվող կիսակառույցների հետ միասին։ Փաստաթղթում ներկայացված մոտարկված կադաստրային արժեքներով՝ Ս. Շահումյան 20 հասցեի գույքը գնահատվել է մոտ 4.81 միլիոն դրամ, իսկ Ս. Շահումյան 37/1 հասցեի գույքը՝ մոտ 2.02 միլիոն դրամ։ Ընդհանուր նշված արժեքը կազմել է մոտ 6.83 միլիոն դրամ։

Փաստաթղթի հեղինակները համեմատության համար հաշվարկել են, որ համայնքին փոխանցվելիք 48 բնակարանների և գրադարանի տարածքի պայմանական ընդհանուր արժեքը կարող է կազմել մոտ 1.417 միլիարդ դրամ, ինչը բազմակի գերազանցել է հողամասերի նշված կադաստրային արժեքը։ Միաժամանակ նշվել է, որ սա նախագծում ներկայացված հաշվարկ է՝ բնակարանների մեկ քառակուսի մետրը 350 հազար դրամ, իսկ հասարակական նշանակության տարածքինը՝ 400 հազար դրամ գնահատմամբ։

Նախատեսվում է, որ Արարատ համայնքի ղեկավարը ընկերության հետ կկնքի նվիրաբերության պայմանագիր։ Դրանում պետք է ամրագրվի, որ եթե ընկերությունը չկատարի ստանձնած պարտավորությունները, փոխանցված գույքը, առանց համայնքի կողմից որևէ փոխհատուցում վճարելու, կրկին կանցնի համայնքի սեփականությանը։

Սահմանվել է նաև հինգ տարվա ժամկետ․ եթե ծրագրի մեկնարկից հետո հողամասերը հինգ տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվեն կամ չկառուցապատվեն, Արարատի մարզպետը պետք է նախաձեռնի կառավարության որոշումն ուժը կորցրած ճանաչելու գործընթացը, իսկ համայնքը պետք է լուծի ընկերության հետ կնքված պայմանագիրը։

Նախագծի հիմնավորման մեջ նաև նշվել է, որ ծրագրի իրականացման արդյունքում պետական բյուջե կարող է հավաքագրվել մոտ 1 միլիարդ դրամ հարկային եկամուտ։