
ՆԳ նախարարությունը որոշել է Շիրակի մարզում վարորդական գործնական քննությունների մեկնարկային կետը տեղափոխել ավելի հարմար և անվտանգ հատված։
Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։ Նախարարը ստորաբաժանման ղեկավարության ուղեկցությամբ շրջել է բաժնում, ծանոթացել աշխատանքին, ծառայությունների կազմակերպման ընթացքին և շփվել քաղաքացիների հետ։
Արփինե Սարգսյանը զրուցել է նաև վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմած քաղաքացիների հետ՝ լսելով նրանց դիտարկումներն ու առաջարկությունները քննությունների կազմակերպման վերաբերյալ։ Քաղաքացիները նշել են, որ վարորդական գործնական քննության մեկնարկային հատվածը գտնվում է երթևեկության բավականին խիտ և բեռնատարներով հագեցած գոտում, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում քննություն հանձնողների համար։ Սարգսյանը հանձնարարել է գործնական քննությունների մեկնարկային կետը տեղափոխել նշված հատվածից փոքր-ինչ հեռու: