
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են երկրից բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամի չափով գրավը։ Այդ մասին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից, հայտնում է Aysor.am-ը:
Դատախազությունը գործին առնչվող մանրամասներ չի հրապարակել՝ հայտնելով, որ դրանք կապված են նախաքննության հետ։
Հուլիսի 22-ին դատախազը Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հավաքին մասնակցելուն բռնության կամ դրա սպառնալիքի միջոցով հարկադրելու, ինչպես նաև 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։
Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկօրյա քննարկումից հետո համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան մեղադրանք առաջադրելու հարցում։ Միաժամանակ հանձնաժողովը մերժել է Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ Դատախազության ներկայացրած միջնորդությունը։