23 հուլիսի 2026 - 13:32 AMT
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել Բաքվին՝ անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 22-ին 44 կողմ և 7 դեմ ձայներով հավանություն է տվել Ադրբեջանում պահվող բոլոր հայ պատանդներին անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակելու կոչ պարունակող փոփոխությանը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությունը ստացած փոփոխությունը ներկայացրել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, Կալիֆորնիայից դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանը։ Նախաձեռնությանն աջակցել է նաև հանձնաժողովի նախագահ, Ֆլորիդայից հանրապետական Բրայան Մաստը, գրում է Factor.am-ը:

«Այսօր Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների 44/7 հարաբերակցությամբ քվեարկեց իմ առաջարկած փոփոխության օգտին, որը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։ Ես հպարտ եմ, որ Կոնգրեսին հայտնել եմ իր դիրքորոշումը և կշարունակեմ պայքարել Ադրբեջանի կողմից անարդարացիորեն և անօրինական կերպով պահվող, խոշտանգված և բռնության ենթարկված հայերին ազատ արձակելու համար»,- քվեարկությունից հետո ասել է Շերմանը։

Հունիսի 10-ին հանձնաժողովի նախագահ Մաստի աջակցությամբ հավանության էր արժանացել հանձնաժողովի առաջարկը։ Դրան նախորդել է Շերմանի համաձայնությունը՝ փոփոխություն կատարել տեքստում և դրանից հանել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժնի կիրառությանը վերաբերող պարբերությունը։

Շերմանը հանձնաժողովին նաև հորդորել է քայլեր ձեռնարկել՝ հիմք ընդունելով ադրբեջանական գերության ընթացքում արձանագրված չարաշահումների փաստերը։

«Հաշվի առնելով ադրբեջանական ուժերի կողմից հայ ռազմագերիների փաստագրված մահապատիժները, այդ թվում՝ մի քանի մահապատիժներ, որոնք սարսափելիորեն ձայնագրվել և տարածվել են սոցիալական ցանցերում, ինչպես փաստաթղթավորել է Human Rights Watch-ը, կենսականորեն կարևոր է, որ Միացյալ Նահանգները հստակորեն պաշտպանի բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը»,- հունիսին հանձնաժողովին ասել էր Շերմանը։

Կոնգրեսականը պատանդների ազատ արձակման հարցը նաև փոխկապակցել է ԱՄՆ վարչակազմի՝ տարածաշրջանում իրականացվող դիվանագիտական ջանքերի հետ։

«Քանի որ նախագահ Թրամփը շարունակում է Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն ապահովելու իր ջանքերը, հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների ազատ արձակման ապահովումը կլինի նշանակալի քայլ այս նվաճման ուղղությամբ»,- ասել է նա։

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ բացելով լայն հնարավորություններ խոշոր ծրագրերի իրականացման համար։ Նա նշել է, որ դա ենթադրում է մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական արտահանում ԱՄՆ-ից՝ գումարած 4 միլիարդ դոլարի աջակցություն վառելիքի և սպասարկման միջոցով: