23 հուլիսի 2026 - 13:48 AMT
«Առինջ մոլի» աշխատակիցները բողոքում են տաղավարների կապարակնքման դեմ․ «Սոված մարդն ամեն ինչի պատրաստ ա»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել տաղավարների կապարակնքման դեմ։ Նրանք պահանջում են պարզաբանել, թե իրավապահներն ինչ հիմքով են իրականացրել այդ գործողությունները, հայտնում է Sputnik Արմենիան:

Հուլիսի 20-ին հայտնի դարձավ, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում քննչական գործողություններ են իրականացվել, որոնց հետևանքով 10-15 տաղավարի աշխատանք կասեցվել է։

Ակցիային մասնակցող աշխատակիցները հայտնել են, որ տաղավարները կապարակնքվել են ոչ աշխատանքային օրն առանց իրենց նախապես տեղեկացնելու կամ որևէ ծանուցում տրամադրելու։

«Ոչ աշխատանքային օր է եղել, կապարակնքել են առաջին շարքի տաղավարները։ Ժողովուրդը դուրս է եկել ակցիայի, որովհետև բոլորը հացի կռիվ են տալիս։ Սոված մարդն ամեն ինչի պատրաստ ա։ Մենք պատասխան չենք ստացել «Առինջ մոլի» տնօրինությունից, որոնք նույնպես դիմել են ՀՀ քննչական կոմիտե, իրենք էլ պատասխան չեն ստացել։ Մենք էլ մեր ուժերով գնացել ենք ՔԿ, բայց այնտեղից էլ պատասխան չենք ստացել»,– ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մասնակիցը հայտնել է, որ ներկայում կապարակնքված է առևտրի կենտրոնի միայն առաջին շարքը։ Միաժամանակ աշխատակիցները մտահոգություն են հայտնել, որ հետագայում նման գործողություններ կարող են իրականացվել նաև մյուս տաղավարների նկատմամբ։

«Այսօր էս հատվածն է կապարակնքվել՝ առանց որևէ հիմնավոր պատճառի, վաղը կարող է մյուս շարքը կապարակնքվել»,– նշել է նա։

Աշխատակիցների փոխանցմամբ՝ շրջանառվել է վարկած, ըստ որի՝ տաղավարների կապարակնքումը կապված է դրանց՝ բարձր լարման էլեկտրահաղորդման գծի տակ գտնվելու հանգամանքի հետ։

«Բայց նույն բարձր լարման գիծն անցնում է նաև գլխավոր ճանապարհով։ Ավելին՝ հենց այն հատվածում, որտեղ բարձր լարման գիծ կա, հիմա շինարարական աշխատանքներ են իրականացվում»,– ասել է ակցիայի մասնակիցը։

Առևտրականները հայտարարել են, որ շարունակելու են իրավապահներից պահանջել հստակ պարզաբանում ներկայացնել, թե ինչ պատճառներով են տաղավարները կապարակնքվել։

Կենտրոնի աշխատակիցները ցանկացել են ճանապարհ փակել, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։

«Դուք խոչընդոտում եք այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Ճանապարհ փակելը մոռացեք»,– ասել է ոստիկանության աշխատակիցը։

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ աշխատակիցները պատրաստվում են դիմել կտրուկ միջոցների՝ ընդհուպ Արտաշատի խճուղի–Սևան ավտոճանապարհը փակելուն, ոստիկանները բանակցություններ են վարել նրանց հետ՝ փորձելով կանխել նման քայլի իրականացումը։

«Առինջ մոլի» տնօրենի տեղակալ Արմեն Ներսիսյանն ասել է, որ որ որևէ նորություն չունի, բայց իրենց փաստաբանները պետք է վիճարկեն նախաքննական մարմնի այս որոշումը, հայտնում է Sputnik Արմենիան:

«Մենք եկել ենք ու տեսել, որ 26 տաղավար կապարակնքված է, սակայն որևէ պատասխան չունենք։ Ում հարցնում ես, ոչ ոք չգիտի՝ ինչի համար է փակվել։ Տարբեր վարկածներ կան, տաղավարի տերերն էլ մեզ են հարցնում, բայց պատասխան չունենք։ Պատասխանել ենք, որ չգիտենք՝ որն է խնդիրը, քանի որ որևէ ծանուցում չի եղել»,– նշել է Ներսիսյանը։

Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է: