23 հուլիսի 2026 - 14:05 AMT
2026-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում մեկնարկում են տոնական միջոցառումները

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի ընդունած որոշմամբ Կապանը ճանաչվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք և հուլիսի 23-25-ը հյուրընկալելու է ծրագրով նախատեսված միջոցառումները։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի նախագահությամբ կայանալու է ԱՊՀ անդամ-պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը։ Անցկացվելու է նաև ԱՊՀ միջազգային երիտասարդական ֆորումը։

Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվելու է Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրով։ Հանդիսավոր միջոցառումը կայանալու է այսօր՝ ժամը 19։00-ին, Կապանի մշակույթի կենտրոնում։ Համերգային ծրագրից հետո Կապանի կենտրոնական հրապարակում կազմակերպվելու է դիսկոտեկ։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։

Նախատեսվում է նաև թողարկել 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանիշով փոստային նամականիշ։ Ծրագրի շրջանակում անցկացվելու են մշակութային և երիտասարդական մի շարք այլ միջոցառումներ։

«Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրով նախատեսված միջոցառումներին մասնակցելու են ԱՊՀ անդամ երկրների պատվիրակությունների անդամները և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք Կապան են ժամանել՝ մասնակցելու «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումներին։