
Այսուհետ հնարավոր կլինի Հայաստանում նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերել առանց ֆիզիկապես երկրում գտնվելու։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Նոր համակարգի ներդրմամբ հնարավոր է դառնալու առանց նոտարական վավերացման կամ լիազորագիր տրամադրելու էլեկտրոնային համակարգում կնքել եռակողմ պայմանագիրը։ Դրանից հետո բանկը կարողանալու է այն ներկայացնել իրավունքի պետական գրանցման, ինչի արդյունքում հնարավոր է լինելու Հայաստանում նոր կառուցվող շենքից անշարժ գույք ձեռք բերել հեռահար եղանակով։
ՀՀ կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հայտնել է, որ որոշվել է պարզեցնել գործող ընթացակարգը, հայտնում է Sputnik Արմենիան:
Ներկայում անշարժ գույք ձեռք բերողները պարտավոր են գտնվել Հայաստանում և անձամբ այցելել նոտարին կամ մեկ այլ անձի լիազորագիր տրամադրել՝ գույքի գնման գործընթացն իրականացնելու համար։ Այժմ կոմիտեի էլեկտրոնային հարթակում ստեղծվել է հատուկ ձևանմուշ, որի լրացումից հետո գործարքը հնարավոր է լինելու կատարել հեռահար եղանակով։
«Մեր էլեկտրոնային համակարգում կներդրվի ձևանմուշ, որը հնարավարություն կտա, որպեսզի հիփոթեքային վարկի առկայության պարագայում հեռահար գնորդը, վաճառողը և բանկը էլեկտրոնային համակարգի մեջ կնքեն, վավերացնեն այն պայմանագիրը, որը հիմք կդառնա իրավունքի պետական գրանցման համար։ Արդյունքում, կառուցապատողից սեփականության իրավունքը կփոխանցի հիփոթեքային վարկավորմամբ ձեռքբերողին, որը կարող է պայմանագիրը վավերացնել թե՛ ՀՀ–ում, թե՛ ՀՀ սահմաններից դուրս»,– մանրամասնել է Թովմասյանը։
Նրա ներկայացմամբ՝ հիփոթեքային վարկ տրամադրելիս բանկն արդեն ստուգում է գնորդին վերաբերող անհրաժեշտ բոլոր տվյալները, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, ինչպես նաև վարկը սպասարկելու հնարավորություններն ու կարողությունները։