23 հուլիսի 2026 - 15:30 AMT
Հրաձիգ Գոռ Խաչատրյանը դարձել է աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Շարժվող թիրախի աշխարհի առաջնությունում Գոռ Խաչատրյանը հռչակվել է աշխարհի չեմպիոն, իսկ Հայկ Մինասյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Հրաձգության Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող մրցելույթները շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում։

Մրցումների երրորդ օրը նորմալ վազք մրցաձևում Գոռ Խաչատրյանն ու Հայկ Մինասյանը հաջողությամբ հաղթահարել են որակավորման փուլը և կիսաեզրափակչի ուղեգիր են նվաճել։

Կիսաեզրափակիչ փուլում հայ մարզիկները մրցել են միմյանց դեմ։ Գոռ Խաչատրյանը 6։2 հաշվով առավելության է հասել Հայկ Մինասյանի նկատմամբ և անցել եզրափակիչ։

Ոսկե մեդալի համար պայքարում Խաչատրյանը կրկին 6։2 հաշվով հաղթանակ է տարել՝ այս անգամ առավելության հասնելով ուկրաինացի մրցակցի նկատմամբ։ Այդ արդյունքով հայ հրաձիգը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Հայկ Մինասյանն իր հերթին պայքարել է երրորդ տեղի համար։ Բրոնզե մեդալի համար մրցապայքարում նա 11։9 հաշվով հաղթել է կորեացի մարզիկին և դարձել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։