23 հուլիսի 2026 - 15:32 AMT
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի

Հայաստանում «0» և կրկնվող թվեր պարունակող մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ձեռքբերման կարգը փոխվել է․ դրանք հնարավոր է ձեռք բերել առանց աճուրդի՝ սահմանված գնով։ Քաղաքացիների շրջանում ձևավորված պահանջարկի գնահատման արդյունքում ՆԳ նախարարության նախաձեռնությամբ Կառավարությունը փոփոխություններ է կատարել տրանսպորտային միջոցների հաշվառման՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի համար սահմանված չափորոշիչներում:

Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքացիների շրջանում զգալի հետաքրքրություն են վայելում թվային հատվածում «0» թվեր, ինչպես նաև մեկ կամ մի քանի կրկնվող թվեր պարունակող համարանիշերը՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ։

Այդ համարանիշերն իրենց արտաքին տեսքով և արժեքով որոշակիորեն տարբերվում են առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերից։ Մինչ այժմ, սակայն, դրանց առաջնային օգտագործման իրավունքն առանց աճուրդի ձեռք բերելու համար ամբողջական իրավական կարգավորում նախատեսված չի եղել։

Նոր կարգավորմամբ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ցանկում ընդգրկվել են նաև այն համադրությունները, որոնց թվային հատվածը պարունակում է «0» թվեր և մեկ կամ մի քանի կրկնվող թվեր՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ։

2026 թվականի հուլիսի 23-ին ուժի մեջ է մտել ՆԳ նախարարի հրամանը, որով սահմանվել են նոր չափորոշիչներին համապատասխանող՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հատկացման գները։

Ֆիզիկական և իրավաբանական անձինք նոր չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի առաջնային օգտագործման իրավունքը կարողանալու են ձեռք բերել առանց աճուրդի՝ հաստատագրված գնով։ Թվերի և տառերի համադրությունից կախված՝ գները սահմանվել են 250 հազարից մինչև 8 միլիոն դրամի սահմաններում։