23 հուլիսի 2026 - 16:19 AMT
ՊԵԿ-ը 619 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք է բացահայտել

ՊԵԿ-ը բացահայտել է մոտ 619 միլիոն դրամի ստվերային շրջանառություն և 340 միլիոն դրամի աշխատավարձի թերհայտարարագրման դեպք։

Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային 12-րդ բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գործող՝ պարենային ու ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող խանութների ցանցը վաճառված ապրանքների դիմաց կանխիկ գումար է գանձում, սակայն ոչ բոլոր դեպքերում է ՀԴՄ կտրոն տրամադրում։ Դրա փոխարեն հաճախորդներին տրվել է ներքին հաշվառման փաստաթուղթ, ինչի միջոցով, ըստ ստացված տվյալների, խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց։

Օպերատիվ տեղեկությունները ստուգելու և իրացնելու նպատակով իրականացված համակողմանի ու մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դրանք հաստատվել են։ Ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ, որոնց համաձայն՝ 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ՍՊԸ-ն թաքցրել է շուրջ 619 միլիոն դրամի իրացման շրջանառություն։

Միաժամանակ պարզվել է, որ վարձու աշխատողներին վճարված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները մոտ 340 միլիոն դրամով պակաս են հաշվարկվել։ Արդյունքում ընկերության կողմից չհաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմել է մոտ 260 միլիոն ՀՀ դրամ։

Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Մանրածախ առևտրով զբաղվող հարկ վճարողներին ՊԵԿ-ից տեղեկացրել են, որ գործող իրավակարգավորումների համաձայն՝ վաճառքից ստացված գումարների մուտքագրումը հսկիչ-դրամարկղային մեքենա պարտադիր պահանջ է։ Նշված պահանջը պարբերաբար չկատարելը կարող է վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին։

ՊԵԿ-ը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց հորդորել է հաշվի առնել օրենքի պահանջները, զերծ մնալ ապօրինություններից և քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ կտրոններ՝ ներքին հաշվառման կտրոնների փոխարեն։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։