
Կառավարությունը նախատեսում է Բագրատաշենի և Ագարակի անցակետերի հարակից տարածքներում ներդնել բեռնատարների կուտակային կայանատեղիների պարտադիր համակարգ՝ սահմանային հերթերը կառավարելու նպատակով։ Համապատասխան նախագիծը կառավարության հուլիսի 23-ի նիստում ներկայացրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նա նշել է, որ այս նոր կարգավորումները կնպաստեն արտահանման գործընթացների դյուրացմանը և խթանմանը։ Ըստ ՊԵԿ նախագահի՝ կստեղծվեն կայանատեղիների գործունեության իրավական հիմքեր։
Հակոբյանը նշել է, որ այն հրապարակային օֆերտա է մասնավոր ներդրողների համար, որպեսզի մաքսային անցակետերի հարակից տարածքներում ստեղծվեն ժամանակակից կայանատեղիներ և կազմակերպեն քաղաքակիրթ սպասարկում արտահանում իրականացնող բեռնատարների համար։
«Երկու հիմնական նպատակ է հետապնդում։ Առաջինը՝ մաքսային սահմանով ապրանքների մեկնման գործառնությունների արագացում, անխոչընդոտ անցում նախնական հերթագրման և մեկնող տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվության հավաքման միջոցով։ Երկրորդը՝ պետական սահմանի անցման կետերում տրանսպորտային միջոցների կուտակումների բացառումերի՝ Բագրատաշենի և Ագարակի հարակից տարածքներում։ Պարտադիր պահանջ է լինում կայանատեղի մուտք գործելը, և միայն դրանից հետո շարժվել դեպի մաքսային անցակետ»,-ասել է նա:
Կայանատեղիները պետք է գտնվեն մաքսային անցակետից առավելագույնը 20 կմ հեռավորության վրա, ունենան առնվազն 3000 քառակուսի մետր մակերես, լինեն ասֆալտապատ կամ բետոնապատ, գծանշումներով, էլեկտրոնային թվային կառավարման համակարգով և համապատասխան տեսախցիկներով։ Եվ այս ամեն ինչը պետք է փոխգործելի լինի մեր մաքսային թվային համակարգերի հետ:
Հերթերի կառավարման համակարգը թափանցիկ է լինելու, հասանելի բոլորին, գնի համար կսահմանվի առավելագույն չափ՝ մինչև 5000 դրամ:
Հակոբյանի խոսքով՝ սահմանվել է կուտակային կայանատեղիներից մաքսային անցակետեր շարժվելու հերթականության համար 3 առաջնահերթություն։
Առաջին հերթին առաջնահերթություն կտրվի արագ փչացող բեռներին՝ ձկներին, մսին և մսամթերքին, կաթնամթերքին, բանջարեղենին և այլ ապրանքներին։
Երկրորդ առաջնահերթությունը կվերաբերի հատուկ մաքսային ընթացակարգով տեղափոխվող բեռներին, մասնավորապես՝ միջազգային միջոցառումների համար նախատեսված ապրանքներին, դիվանագիտական բեռներին և դոնորական օգնության շրջանակում տեղափոխվող ապրանքներին։
Երրորդ առաջնահերթությունը կտրամադրվի լիազորված տնտեսական օպերատորներին, ինչպես նաև օրինապահ հարկ վճարողներին, որոնք ունեն հավաստագրեր։
Ըստ ՊԵԿ նախագահի՝ սահմանվում են նաև, թե տրանսպորտային միջոցները երբ կարող են չմտնել կայանատեղիներ:
«Դրանք բացառիկ դեպքեր են։ Մասնավորապես՝ տարերային աղետների բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհրաժեշտ ապրանքները, մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցները և այլն»,-ասել է նա: