23 հուլիսի 2026 - 17:08 AMT
Հաստատվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ժամկետի երկարացման ծրագրի հաշվետվությունը

Կառավարությունը հաստատել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը։

Ծրագրում ներառվել է ընդհանուր առմամբ 103 միջոցառում։ «Ռուսատոմսերվիս» ընկերության պատասխանատվության ներքո նախատեսված 23 խոշորացված միջոցառման շրջանակում կնքվել է 18 պայմանագիր։ Դրանցից 9-ը գտնվել է կատարման փուլում, իսկ մյուս ինը պայմանագրերով նախատեսված աշխատանքներն արդեն ավարտվել են, հայտնում է Panorama.am-ը:

ՀԱԷԿ-ի պատասխանատվության ներքո գտնվող 37 խոշորացված միջոցառումների իրականացման նպատակով կազմակերպվել է 45 գնման ընթացակարգ։ Արդյունքում կնքվել է 36 պայմանագիր, որոնցից 17-ի շրջանակում աշխատանքներն ավարտվել են։

«Ռուսատոմսերվիսի» հետ 2023 թվականի դեկտեմբերին կնքվել է մոտ 57․5 միլիոն դոլար արժողությամբ շրջանակային համաձայնագիր։

Էներգաբլոկի անվտանգության գնահատման շրջանակում ուսումնասիրություններ են իրականացվել հրդեհների ազդեցության, հավանականային անվտանգության, գործող նորմերի պահանջներից առկա շեղումների, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ։ Պատրաստված հաշվետվությունների մի մասը ներկայացվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի դիտարկմանը։

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրով սահմանված աշխատանքների իրականացումը շարունակվում է։