
«Սրբազան պայքարի» գործով դատական նիստում դատարանը քննել է Արթուր Սարգսյանի և Իգոր Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցների փոփոխության հարցերը։ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդել է վերացնել ԱԺ պատգամավոր ընտրված Արթուր Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքը։
«2026թ. հուլիսի 21-ից Արթուր Սարգսյանն ունի պատգամավորի կարգավիճակ, այդ հարցը պետք է հրատապության կարգով լուծվի»,-ասել է Վարդևանյանը՝ վկայակոչելով ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանի վերաբերյալ վճռաբեկ դատարանի նախադեպային, ՍԴ որոշումերն ու ԿԸՀ օրեր առաջ կայացրած որոշումը, հայտնում է Panorama.am-ը:
Պաշտպանը նշել է, որ այդ գործընթացը պետք է նախաձեռնած լինեին հանրային մեղադրողները։
«Արթուր Սարգսյանը որպես ԱԺ 9-րդ գումարման պատգամավոր իր լիազորությունները ստանձնելու է օգոստոսի 2-ին, բայց Սահմանդրական դատարանը խոսում է ԱԺ պատգամավորի կարգավիճակ, ոչ թե լիազորությունների ձեռքբերման մասին»,-ասել է Վարդևանյանը:
Նա նկատել է, որ դա ամենևին էլ պատահական չէ, քանի որ պատգամավորը պետք է ունենա ԱԺ նստաշրջանին պատրաստվելու ժամանակ։
Արթուր Սարգսյանն իր հերթին հայտնել է, որ հինգ տարին մեկ նույն իրավիճակը կրկնվում է՝ հիշեցնելով, որ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին ՍԴ համապատասխան որոշման հիմքով ազատ է արձակվել ՔԿՀ-ից։
«Ես հուլիսի 21-ին պետք է անհապաղ ազատ արձակվեի, բայց հանգիստ նստել եմ»,-ասել է նա։
Հանրային մեղադրողը նշել է, որ Արթուր Սարգսյանը դեռևս 2021 թվականից պատգամավորի կարգավիճակ է ունեցել, սակայն նախորդ տարի դատախազի միջնորդությամբ Ազգային ժողովը նրան զրկել է անձեռնմխելիությունից։
«Ուստի միջնորդությունն առարկայազուրկ է, խնդրում եմ այն մերժել»,-ասել է հանրային մեղադրողը։
Ի պատասխան՝ Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ դատախազությունն իրավական ժխտողականություն է ցուցաբերում։ Նրա գնահատմամբ՝ այդ տրամաբանությամբ ստացվում է, որ Ազգային ժողովի գումարումների փոփոխություններն իրավական նշանակություն չունեն, իսկ Արթուր Սարգսյանն անընդհատ պատգամավորի կարգավիճակ է ունեցել։
«ԱԺ-ն իսկապես հինգ տարի է գործում, Արթուր Սարգսյանի պատգամավորի թեկնածուն 2021-ին և 2026-ին տարբեր իրավահարաբերություններ են։ Գտնում եմ, որ Արթուր Սարգսյանի իրավունքն արդեն 2 օր է խախտվում»,-ասել է Վարդևանյանը։
Պաշտպաններից մեկը նաև նշել է, որ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին ԱԺ որոշումը վերաբերել է 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորին և ոչ թե 9-րդ գումարման։ Հանրային մեղադրողն արձագանքել է, որ Արթուր Սարգսյանն այս պահին ևս 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր է։
Ի վերջո, պաշտպանների և հանրային մեղադրողի փոխադարձ հակադարձումները, ինչպես նաև Արթուր Սարգսյանի ելույթներն ընդհատվել են Բագրատ Սրբազանի՝ դատական նիստերի դահլիճ մուտք գործելուն հաջորդած ծափահարություններով ու բացականչություններով։ Դրանից հետո հայտարարվել է ընդմիջում։
Իգոր Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։
Ըստ ՔԿ-ի՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Այս գործով 18 անձ է անցնում, այդ թվում` Բագրատ սրբազանը: