23 հուլիսի 2026 - 17:59 AMT
ՔԿ. «Առինջ մոլի» որոշ ինքնակամ կառույցներ բարձր լարման գծերի տակ են և վտանգում են մարդկանց կյանքը

Քննչական կոմիտեն պարզաբանել է, թե ինչու են կնիքվել «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում գտնվող որոշ տաղավարներ և այլ կառույցներ։

«Հաշվի առնելով, որ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասում առկա որոշ ինքնակամ կառույցներ, ավտոկայանատեղին և դրան կից առևտրի տաղավարների մի մասը փաստացի անմիջականորեն գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ և դրանց հետագա շահագործումը վտանգ է ներկայացնում քաղաքացիների կյանքի և առողջության համար, անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կնիքվել են»,-ասվում է հայտարարության մեջ:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հունիսի 5-ին նշանակվել է համալիր փորձաքննություն։ Դրա եզրակացությունը ստացվել է 2026 թվականի հունիսի 10-ին։

Նշվում է, որ փորձագետի եզրակացության համաձայն՝ Աբովյան համայնքի գյուղ Առինջ հասցեում գտնվող 3․5 հա մակերեսով հողամասը փաստացի համադրվել է 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի զբաղեցրած և դրա անվտանգության համար նախատեսված հողամասի հետ։ Բացի այդ, տարածքը գտնվում է «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 15.1-ին հոդվածի 9-րդ մասով սահմանված՝ Երևան-Աբովյան 1520 մմ ռելսամիջի երկաթուղային գծի պաշտպանական գոտում։

«Փորձագետը հանգել է այն հետևության, որ գյուղ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասի օտարման գործընթացը կազմակերպվել է առանց հաշվի առնելու տվյալ ժամանակահատվածում գործած ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված պահանջները։

Փորձագետը փաստել է նաև, որ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցները գտնվում են (կառուցված են) բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում, ինչպես նաև Երևան-Աբովյան 1520 մմ ռելսամիջի երկաթուղային գծի պաշտպանական գոտիներում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հուլիսի 23-ի առավոտյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել տաղավարների կապարակնքման դեմ։ Նրանք պահանջում են պարզաբանել, թե իրավապահներն ինչ հիմքով են իրականացրել այդ գործողություններ: Ակցիային մասնակցող աշխատակիցները հայտնել են, որ տաղավարները կապարակնքվել են ոչ աշխատանքային օրն առանց իրենց նախապես տեղեկացնելու կամ որևէ ծանուցում տրամադրելու։

Հուլիսի 20-ին հայտնի դարձավ, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում քննչական գործողություններ են իրականացվել, որոնց հետևանքով 10-15 տաղավարի աշխատանք կասեցվել է։