
ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, «Սրբազան պայքարի» գործով անցնող Իգոր Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը դատարանը փոխարինել է վարչական հսկողությամբ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, որոշումը կայացնելուց հետո ընդգծել է, որ միաժամանակ անփոփոխ են թողնվել մինչ այդ կիրառված համակցված խափանման միջոցները՝ 2 մլն դրամ գրավը և բացակայելու արգելքը, հայտնում է Factor.am-ը:
Պաշտպանական կողմը խափանման միջոցը փոխելու միջնորդության հիմքում դրել է Սարգսյանի առողջական վիճակը՝ նշելով, որ նա օրեր առաջ ուշագնաց է եղել և տեղափոխվել հիվանդանոց։
Մեղադրանքի կողմն առարկել է խափանման միջոցը փոխելու դեմ՝ միաժամանակ միջնորդելով տնային կալանքի ժամկետը երկարացնել ևս երկու ամսով։
Իգոր Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանքը 2025 թվականի նոյեմբերին փոխարինվել է տնային կալանքով։
Ըստ ՔԿ-ի՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Այս գործով 18 անձ է անցնում, այդ թվում` Բագրատ սրբազանը: