
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտ է անցկացնելու բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ, հայտնել է Red Fury MMA-ը։
Սպասվում է, որ Ծառուկյան-Օլիվեյրա երկրորդ մենամարտը կայանալու է սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում անցկացվելիք UFC 331 մրցաշարի շրջանակում, գրում է Factor.am-ը:
Ծառուկյանն ու Օլիվեյրան նախկինում արդեն հանդիպել են օկտագոնում։ Նրանց առաջին մենամարտը կայացել է 2024 թվականի ապրիլի 13-ին Լաս Վեգասում անցկացված UFC 300 մրցաշարում, որտեղ հայ մարտիկը միավորներով հաղթանակ է տարել։
29-ամյա Արման Ծառուկյանը UFC-ում իր նորամուտը նշել է 2019 թվականին։ Իր նախորդ մենամարտը նա անցկացրել է 2025 թվականի նոյեմբերի 22-ին և խեղդող հնարքով հաղթանակ է տարել նորզելանդացի Դեն Հուկերի նկատմամբ։
Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մինչ այժմ մասնակցել է 26 հանդիպման՝ գրանցելով 23 հաղթանակ և կրելով 3 պարտություն։