
9-րդ գումարման ԱԺ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերած Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ, որի ժամկետը լրանալու է օգոստոսի 8-ին։ Այդ մասին խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հայտնել է «Սրբազան պայքարի» գործը քննող դատավոր Կարեն Ֆարխոյանը՝ արձանագրելով, որ պատգամավորական անձեռնմխելիությունն արդեն հաղթահարված է, քանի որ նա նաև 8-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է:
Դատավորը նշել է, որ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումն Արթուր Սարգսյանի դեպքում կիրառելի չէ, քանի որ Զաքարյանը մինչ այդ պատգամավորի կարգավիճակ չի ունեցել, հայտնում է Panorama.am-ը:
Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը լրանալու է օգոստոսի 8-ին։ Դատավորի պարզաբանմամբ՝ եթե պաշտպանները համապատասխան միջնորդություն ներկայացնեն, դատարանի թույլտվությամբ Սարգսյանը հնարավորություն կունենա մասնակցել օգոստոսի 2-ին նորընտիր Ազգային ժողովի նստաշրջանի մեկնարկին։
Պաշտպան Արամ Վարդևանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր Արթուր Սարգսյանն արդեն երկու օր ապօրինի սահմանափակման մեջ է։ Նրա ներկայացմամբ՝ ԿԸՀ-ի հուլիսի 31-ի որոշման հիմքով Սարգսյանն ունի պատգամավորական անձեռնմխելիություն, ուստի նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը պետք է վերացվի։
Միջնորդությանն անդրադառնալով՝ Սարգսյանը նշել է, որ ստեղծված իրավիճակն իրեն հիշեցրել է 2021 թվականի իրադարձությունները։ Այդ ժամանակ նա, պատգամավոր լինելով, գտնվել է կալանավայրում և ազատ է արձակվել միայն Սահմանադրական դատարանի որոշումից հետո, հայտնում է Factor.am-ը:
«Շատ հետաքրքիր է, ոնց որ պատմությունը հինգ տարին մեկ կրկնվում է։ 2021-ին Արամ Վարդևանյանն ապացուցեց, որ ինքը ճիշտ էր, իսկ դատախազական համակարգը՝ սխալ։ Հիմա էլ նույնն է. ես ամսի 21-ից պետք է անհապաղ ազատ արձակվեի, բայց արդեն երկու օր է՝ անօրինական սահմանափակման մեջ եմ»,— հայտարարել է Սարգսյանը։
Նա հավելել է, որ թեև «չի նեղվել» այդ երկու օրվա համար, իրավական տեսանկյունից ստեղծված իրավիճակն անթույլատրելի է համարում։
Հանրային մեղադրողն առարկել է պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությանը և առաջ քաշել այլ իրավական մեկնաբանություն։ Դատախազի դիրքորոշմամբ՝ Արթուր Սարգսյանը պատգամավորի կարգավիճակ է ունեցել դեռևս 2021 թվականից, սակայն այդ հանգամանքը նրան պատասխանատվությունից չի ազատում, քանի որ Ազգային ժողովն արդեն հաղթահարել է նրա անձեռնմխելիությունը։
«Պարոն Սարգսյանը պատգամավորի կարգավիճակը շարունակում է կրել դեռևս 2021 թվականից։ Նախորդ տարի Գլխավոր դատախազի միջնորդությամբ Ազգային ժողովը նրան զրկել է անձեռնմխելիությունից»,- նշել էր մեղադրողը։
Դատախազը նաև վկայակոչել է Սահմանադրության 90-րդ հոդվածը՝ պնդելով, որ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունները և դրանցից բխող իրավական հետևանքներն սկսվելու են միայն առաջին նստաշրջանի բացման պահից։ Այն նախատեսված է օգոստոսի 2-ին։
Մինչ այդ, մեղադրանքի կողմի դիրքորոշմամբ, Արթուր Սարգսյանի՝ նախկինում հաղթահարված անձեռնմխելիությունը շարունակելու է ուժի մեջ մնալ։