
ՌԴ Լենինգրադի շրջանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել: Այդ մասին հայտնել է ծրջանի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոն։
«ԱԹՍ-ի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Վսևոլոժսկի շրջանի Նովոսարատովկա գյուղում գտնվող Wildberries ընկերության պահեստներում»,- գրել է Դրոզդենկոն «Մաքս» հարթակի իր ալիքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա նաև հայտնել է, որ հարվածի հետևանքով երեք մարդ է վնասվածքներ ստացել։
«Երեք մարդ է տուժել»,- գրել է նա:
Վիրավորներին միջին ծանրության վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները նրանց անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում։
Շրջանի ղեկավարը նաև հայտնել է, որ անօդաչուների հարվածի հետևանքով փլուզվել է «Սևերնայա» թռչնաֆաբրիկայի պահեստը, սակայն այնտեղ տուժածներ չեն եղել։ Նա նաև նշել է, որ տարածաշրջանի երկնքում ընդհանուր առմամբ հակառակորդի 59 անօդաչու է խոցվել։
Ավելի վաղ ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին Կրասնոդարում և Նևիննոմիսկում: Այդ մասին հայտնել է ընկերության ղեկավար Տատյանա Կիմը: Կրասնոդարում ԱԹՍ-ի բեկորների պահեստային համալիրի վրա ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել։ Տուժել է տասը մարդ։ Բացի այդ, դրոնների բեկորները վնասել են երկու բազմաբնակարան շենք և երկու առանձնատուն։
Հուլիսի 17-ին անօդաչու թռչող սարքերը հարվածներ էին հասցրել Կոտովսկում և Էլեկտրոստալում գտնվող երկու խոշոր լոգիստիկ կենտրոններին։ Հարվածների հետևանքով զոհվել էր 8 աշխատակից, բռնկվել են հրդեհներ, իսկ Ռուսաստանի խոշորագույն առցանց խանութի աշխատանքը, որն օրական կարող է մշակել ավելի քան 20 միլիոն պատվեր, խափանվել է։
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իրավիճակը բարդ է՝ հաշվի առնելով թե՛ ընկերության, թե՛ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների կրած վնասները։ Նա նաև հերքել է Ուկրաինայի մեղադրանքները, թե Wildberries-ը զբաղվում է ռազմական նշանակության սարքավորումների մատակարարմամբ։