
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կրկին տարել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ ՔԿ բակում նրան դիմավորել են ծափերով և «Ծառուկյան» վանկարկումներով։
Այն, ինչ այսօր կատարվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, վաղը կարող է կատարվել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հետ, եթե նրա ասածը կամ արածը հանկարծ իշխանությունների դուրը չգա, հայտարարել է քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
«Հետևաբար, Գագիկ Ծառուկյանի ազատությունը դա ոչ միայն քաղաքական լիդերի կամ անձի խնդիրն է, դա բոլորիս խնդիրն է, և որքան շուտ մենք դա հասկանանք, այդքան ավելի շուտ կստացվի երկիրը հանել էս վիճակից»,–ասել է Աբովյանը։
Նրա խոսքով` ամեն օր պարզվում է, որ Ծառուկյանի դեմ գործը ունի միայն քաղաքական դրդապատճառ, որը իշխանություններն էլ այլևս չեն թաքցնում։
Ըստ քաղաքական մեկնաբանի` շարունակվում են ճնշումները այն մարդկանց և կազմակերպությունների վրա, որոնք այս կամ այն առումով կապ ունեն Գագիկ Ծառուկյանի հետ։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ևս այն կարծիքին է, որ Ծառուկյանի դեմ այս քործն իր բացասական ազդեցությունն է ունենալու երկրի վարկանիշի և ներդրողների վրա։
«Այս ամենը թեև այս պահին տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի դեմ, բայց և՛ քաղաքական առումով, և՛ տնտեսական առումով բավականին լուրջ ազդակ է նաև ներսի ու դրսի բոլոր այն ներդրողների համար, որոնք Հայաստանում ունեն ներդրումներ, կամ պատրաստվում են որևէ փուլում անել։ Բոլորի համար ակնհայտ է, որ կարող է լինել ցանկացած իրավիճակ, երբ որ անկախ իրավիճակից, իշխանությունը եթե այդ պահին նպատակահարմար գտնի, ապա ցանկացած ներդրողի ունեցվածք կամ կարողություն կարող է պարզապես խլել կամ խոչընդոտել նրանց գործունեությունը»,–ասել է Աբրահամյանը։
Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է: