24 հուլիսի 2026 - 13:06 AMT
Օսիպյանից բռնագանձման ենթակա ցանկում է ոստիկանությունից ստացած բնակարանը

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունը և թույլատրել նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի ու նրա կնոջ՝ Լուսինե Թադևոսյանի դեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հիմքն ու առարկան փոփոխել։

Նոր փորձագիտական եզրակացության, ինչպես նաև ՆԳՆ-ից ստացված տեղեկությունների հիմքով գույքերի արժեքների և օրինական եկամուտների հաշվարկները ճշգրտվել են, իսկ բռնագանձման պահանջում ավելացվել է նաև 2015 թվականին ոստիկանության կողմից Օսիպյանին նվիրաբերված բնակարանը, հայտնում է Factor.am-ը:

Փորձագիտական եզրակացությունը մասնավորապես վերաբերել է 2001 թվականին կառուցված խանութի և 2004 թվականին կառուցված ավտոտնակի շինարարական արժեքներին։ Փաստաթղթով խանութի նախկին հաշվարկային արժեքը կազմել է 3 միլիոն 737 հազար 520 դրամ։ Փորձագետը եզրակացրել է, որ 33.25 քմ մակերես ունեցող խանութի շինարարական աշխատանքների արժեքը կարող էր լինել 3 միլիոն 550 հազարից մինչև 3 միլիոն 920 հազար դրամ։ Նոր հաշվարկում դատախազությունն այդ երկու ցուցանիշների միջինն է կիրառել՝ 3 միլիոն 735 հազար դրամ։ Այսպիսով, հաշվարկում կիրառվող արժեքը նախկինում նշված գումարի համեմատ նվազել է 2520 դրամով։

52.92 քմ մակերես ունեցող ավտոտնակի նախկինում հաշվարկված արժեքը կազմել է 3 միլիոն 450 հազար դրամ։ Փորձագետն այն գնահատել է 3 միլիոն 280 հազարից մինչև 3 միլիոն 620 հազար դրամի միջակայքում։ Այդ երկու ցուցանիշների միջինը կրկին կազմել է 3 միլիոն 450 հազար դրամ։ Հետևաբար, այս մասով գումարը փաստացի չի փոփոխվել, սակայն նախկին հաշվարկն արդեն ստացել է փորձագիտական հիմնավորում։

Բռնագանձման ենթակա գույքերի ցանկում ավելացվել է նաև Կոտայքի մարզում գտնվող և ոստիկանության կողմից նվիրաբերված բնակարանը։ Ոստիկանության ու Վալերիյ Օսիպյանի միջև կնքված նվիրատվության պայմանագրի համաձայն՝ 53.71 քմ մակերես ունեցող բնակարանը նախկին ոստիկանապետին փոխանցվել է 2015 թվականի նոյեմբերի 11-ին։

ՆԳՆ-ից ստացված փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո դատախազությունը պնդել է, որ այդ գույքի տրամադրման օրինական հիմքերը պատշաճ կերպով չեն հաստատվել։ Դատախազությունն իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ ոստիկանության ծառայողին բնակելի տարածք կարող էր տրամադրվել բնակարանային պայմանները բարելավելու անհրաժեշտության կամ ծառայողական անհրաժեշտության հիմքով։ Երկու տարբերակով էլ պահանջվել է ծառայողի դիմում, ինչպես նաև պետք է հաստատված լիներ բնակարանային պայմանների բարելավման կարիքը կամ ծառայողական անհրաժեշտությունը։ Ստացված նյութերով այդ հանգամանքների առկայությունը հաստատված չի համարվել։

Դատախազությունը վկայակոչել է նաև Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի ապրիլի 15-ի դիրքորոշումը, որի համաձայն՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի նվիրատվության պարագայում պատասխանողները պետք է հստակ ներկայացնեն, թե ինչ պայմաններում է կնքվել նվիրատվության պայմանագիրը։ Արդյունքում Կոտայքի մարզում գտնվող բնակարանը փոփոխված հայցով համարվել է ապօրինի ծագում ունեցող գույք և ներառվել է Օսիպյանից այն ամբողջությամբ բռնագանձելու պահանջում։

Փոփոխված հայցի վերջնական պահանջով Օսիպյանից պահանջվել է բռնագանձել՝ Երևանում գտնվող մեկ գույք, իսկ այն բռնագանձելու անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը, Երևանում գտնվող բնակարանի 2/5 բաժնեմասը, Կոտայքի մարզում գտնվող և ոստիկանությունից նվիրատվությամբ ստացված բնակարանը, «Ակբա բանկում» ներդրված ավանդը, իսկ դրա բռնագանձման անհնարինության դեպքում՝ դրան համարժեք 16 հազար 323 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 48 միլիոն 4 հազար 645 դրամ և 42 միլիոն 891 հազար 376 դրամ։

Օսիպյանի կնոջից պահանջվել է բռնագանձել Երևանում գտնվող բնակարանը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ բնակարանի շուկայական արժեքը, ինչպես նաև Lexus UX200 2.0 P ավտոմեքենան, իսկ դրա բռնագանձման անհնարինության դեպքում՝ մեքենայի շուկայական արժեքը։

Օսիպյանի ներկայացուցիչ Կարեն Հակոբյանը միջնորդության դեմ չի առարկել։ Դատարանը թույլատրել է փոխել հայցի հիմքն ու առարկան, պատասխանողներին մինչև սեպտեմբերի 23-ը ժամանակ է տրամադրել փոփոխված հայցի վերաբերյալ պատասխան ներկայացնելու համար, իսկ նույն օրը՝ ժամը 14։00-ին, նշանակել է ևս մեկ նախնական դատական նիստ։

Օսիպյանը Հայաստանի ոստիկանության համակարգում ծառայել է մոտ 30 տարի։ Ծառայությունն սկսել է 1991 թվականին՝ որպես միլիցիոներ, այնուհետև Երևանի պարեկապահակետային ծառայության գնդում տարբեր հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել։ 2012-2018 թվականներին Օսիպյանը զբաղեցրել է ոստիկանության Երևանի քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնը։

2018 թվականի մայիսին՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2019 թվականի սեպտեմբերի 18-ը։ 2019 թվականի հուլիսին նրան շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։ Ոստիկանության պետի պաշտոնից ազատվելու նույն օրը Օսիպյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական։ Այդ պաշտոնից հեռանալուց հետո նախկին ոստիկանապետն այլևս պետական պաշտոն չի զբաղեցրել: