24 հուլիսի 2026 - 13:32 AMT
Փաստաբան․ Ալեքսանյանը գրեթե 2 ամիս կալանքի տակ է, բայց որևէ քննչական գործողություն նրա հետ չի իրականացվել

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Ալիկ Ալեքսանյանը գրեթե 2 ամիս կալանքի տակ է, սակայն այդ ընթացքում նրա մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Լիանա Գասպարյանը, գրում է Sputnik Արմենիան:

Նա նաև հայտնել է, որ տեսակցությունների արգելք Ալեքսանյանը չի ունեցել, սակայն մոտ երկու ամիս չի տեսել որդուն։

Քաղաքական գործչի երկամսյա կալանքի ժամկետը լրանում է օգոստոսի 3-ին, և դեռ պարզ չէ՝ քննչական մարմինը միջնորդելու է այն երկարաձգել, թե ոչ։

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանը, որը նույնպես ներգրավվել է Ալեքսանյանի գործով, նշել է, որ քաղաքական գործիչների կալանավորման պատմություններում առավել խոցելի են երեխաները։ Նա պատմել է, որ աշնանը՝ փաստաբան Ռուբեն Մխիթարյանի ձերբակալության ժամանակ, վերջինիս որդին չի իմացել, թե որտեղ է հայրը, և շատ է կարոտել նրան։ Այդ ժամանակ Ալեքսանյանն այցելել է փոքրիկ տղային և հոր անունից նրան խաղալիք է փոխանցել։

«Այսօր Ալիկի տղան Բենը, չգիտի, թե ուր է հայրիկը։ Նրան ասել են որ հայրիկը Գյումիրում է, հարցնում է երբ է գալու: Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք, անձնական շատ պատմություններ: Մեր այն հայրենակիցներին, ովքեր անսալով իշխանական քարոզչությանը, երբեմն չեն գիտակցում ինչ է կատարվում Հայաստանում բացե՛ք ձեր աչքերը.. բացե՛ք ձեր աչքերը...», – գրել է քաղաքական գործիչը։

Ալիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով փողերի լվացման և ընտրակաշառք տալու համար։ Քննչական կոմիտեի ներկայացրած տվյալներով՝ Ալեքսանյանը, որպես «Մեր ձևով» հասարակական կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն, 2025 թվականի հոկտեմբերից մինչև 2026 թվականի մարտը «Տաշիր» հիմնադրամից նվերների ու փոխառությունների ձևով ստացել է մոտ 4․4 մլն դոլար և 230 հազար եվրո։

Ավելի վաղ գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է սկսել։ Այն առնչվել է Ալեքսանյանի գործին։