24 հուլիսի 2026 - 16:37 AMT
Հայաստանում Էբոլայի տարածման վտանգը ցածր է գնահատվում

Հայաստանի համար Էբոլայի հիվանդության ներմուծման և հետագայում տարածման վտանգը ցածր է գնահատվում։ Դա պայմանավորված է Հայաստանի և բռնկումներ ունեցող երկրների միջև կանոնավոր ու ինտենսիվ ուղիղ հաղորդակցությունների բացակայությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ Էբոլան օդակաթիլային ճանապարհով չի փոխանցվում։

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» շարունակել է մշտադիտարկել աշխարհում Էբոլայի հիվանդության համաճարակաբանական իրավիճակը։

Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում, 2026 թվականի հուլիսի 21-ի տվյալներով, հաստատվել է 2536 դեպք և 1033 մահ։

Ուգանդայում, նույն օրվա տվյալների համաձայն, հաստատվել է հիվանդության 20 դեպք և 2 մահ։ Արձանագրվել է նաև 1 հավանական դեպք և 1 հավանական մահ։

Ֆրանսիայում, 2026 թվականի հունիսի 24-ի տվյալներով, հաստատվել է Էբոլայի 1 դեպք։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ Էբոլայի հիվանդության բռնկումը շարունակում է ակտիվ մնալ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում։ Երկրում շարունակվել են նոր դեպքերի հայտնաբերումը, կոնտակտավոր անձանց հսկողությունը և հակահամաճարակային միջոցառումների իրականացումը։

Ուգանդայում Էբոլայի հիվանդության նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել։ Վերջին հիվանդի առողջանալուց և բուժհաստատությունից դուրս գրվելուց հետո երկրում շարունակվել է 42-օրյա ուժեղացված համաճարակաբանական հսկողությունը։

ՀՀ առողջապահական կառույցները շարունակում են հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին և իրականացնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ժամանակավոր առաջարկություններից բխող միջոցառումները։

Ներկայիս բռնկման հարուցիչ Բունդիբուգյո էբոլավիրուսի դեմ լայն կիրառման համար հաստատված պատվաստանյութ դեռևս չկա, ինչի պատճառով զանգվածային պատվաստումներ չեն իրականացվել։ Միաժամանակ շարունակվել են թեկնածու պատվաստանյութերի և բուժման նոր մեթոդների արդյունավետությունը գնահատելու աշխատանքները։