24 հուլիսի 2026 - 18:56 AMT
ՍԱՏՄ․ Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել

Հայկական կաթնամթերքի չորս կազմակերպություններում անցկացված ստուգումների ընթացքում հիվանդ կենդանիների կաթի օգտագործումը հիմնավորող տվյալներ չեն հայտնաբերվել, հայտնել է ՍԱՏՄ-ն։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիմքով Հայաստանում արտադրվող կաթնամթերքի բոլոր արտադրամասերում մշտապես վերահսկողական միջոցառումներ են իրականացրել։

Նշվում է, որ ստուգումների արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերվելու դեպքում տեսչական մարմնի կողմից կասեցվում է տվյալ արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը, իսկ վտանգավոր խմբաքանակները հանվում են շրջանառությունից և ոչնչացվում։

«ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ «Ռոսսելխոզնադզորի» և ՍԱՏՄ-ի մասնագետների կողմից հուլիսի 14-21-ը հայկական կաթնամթերքի չորս կազմակերպություններում համատեղ իրականացված վերահսկողության արդյունքերը ռուսական կողմը թեև դեռ չի տրամադրել, սակայն կարող ենք տեղեկացնել, որ այդ արտադրամասերի կողմից հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաև այլ երկրներից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ ստուգման ընթացքում չեն հայտնաբերվել:

Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ արտադրության մեջ օգտագործվող հումքն անցել է լաբորատոր ստուգում և եղել է անվտանգ:

Տեսչական մարմինը հետևողական է, որպեսզի սննդամթերքի արտադրության ողջ շղթան համապատասխանի սննդամթերքի անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված պահանջներին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

«Ռոսսելխոզնադզորը» (Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը) հուլիսի 27-ից սահմանափակելու է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը` պնդելով, որ տեղական ձեռնարկությունները վարակված կենդանիների կաթ են օգտագործել Ռուսաստան մատակարարվող արտադրանքի պատրաստման համար։