24 հուլիսի 2026 - 18:58 AMT
ԲԸՏՄ-ն ամփոփել է կիսամյակի աշխատանքները և քննարկել COP17-ի նախապատրաստումը

ԲԸՏՄ-ում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքները, գնահատվել դրանց արդյունավետությունը և քննարկվել COP17-ի նախապատրաստման ընթացքը։

ԲԸՏՄ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տեսչական մարմնի ղեկավար կազմի մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակում իրականացված աշխատանքները։

Խորհրդակցության ժամանակ ոլորտային վարչությունների ղեկավարները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված վերահսկողական միջոցառումների, ստուգումների և դիտարկումների արդյունքները։ Անդրադարձ է կատարվել նաև գործունեության կասեցումներին, հարուցված վարչական վարույթներին, կանխարգելիչ միջոցառումներին և դրանց հիմնական ցուցանիշներին։

Տեսչական մարմնի ղեկավարը մանրամասն վերլուծել է ստորաբաժանումների գործունեության հիմնական ցուցանիշները և գնահատել կատարված աշխատանքների արդյունավետությունը։ Նա նախանշել է 2026 թվականի երկրորդ կիսամյակի առաջնահերթությունները և մի շարք հանձնարարականներ է տվել թվայնացման գործընթացի, ընդերքօգտագործման, կենսաբազմազանության, մթնոլորտային օդի ու ջրերի պահպանության ուղղություններով՝ աշխատանքների կազմակերպումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։

Առանձին քննարկման առարկա է դարձել COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Հանձնարարականներ են տրվել տեսչական մարմնին վերապահված բոլոր գործառույթներն ու միջոցառումները պատշաճ, համակարգված և բարձր մակարդակով իրականացնելու վերաբերյալ։

2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: