
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվել է՝ առանց այլ խափանման միջոց սահմանելու։
Նրա նկատմամբ չեն կիրառվել ո՛չ գրավ, ո՛չ բացակայության արգելք։ Դատավորն արձանագրել է, որ պատգամավորական մանդատ ունեցող անձը չի կարող անազատության մեջ պահվել՝ առանց ԱԺ համաձայնության, հայտնում է Radar Armenia-ն:
Ղազինյանի գործով հանրային մեղադրող Արթուր Դանիելյանը միջնորդել էր փոխել Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը և որպես խափանման միջոց սահմանել 1 միլիարդ դրամ գրավ, բացակայելու արգելք ու էլեկտրոնային սարքերի միջոցով վարչական հսկողություն։
Դատարանի բակում Դավիթ Ղազինյանին ծափահարություններով են դիմավորել։
«Պատգամավորին կարելի՞ է հուզվել՝ այսքան ընկերներ տեսնելուց հետո․․․Կալանքն ընդամենը ցույց տվեց, որ իրենք իրենց նպատակին չեն կարող հասնել, մեր ուժի պարագայում։ Կալանքով որևէ խնդիր չեն լուծել»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Այնուհետև լրագրողների հետ զրույցում Ղազինյանն ափսոսանք է հայտնել, որ ազատության մեջ հայտնվելու համար անհրաժեշտ է եղել պատգամավորի կարգավիճակ ձեռք բերել։
Նա շեշտել է, որ իր դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել։
Անդրադառնալով «Արարատցեմենտ» գործարանի և Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործընթացին՝ Ղազինյանն ասել է․ «Կարծես դիտավորյալ թշնամություն են անում այս երկրի նկատմամբ։ Ունեմ որոշակի մտքեր, բայց թույլ տվեք այս պահին չարտահայտեմ, ասում եմ, բայց ուղղակի դիտավորությամբ ոնց որ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ»։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Դավիթ Ղազինյանը համակիրների հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք են տվել։