
Քաղաքացիների շրջանում գրանցված հնարավոր սննդային թունավորման դեպքերի կապակցությամբ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ներկայացրել է այն սննդատեսակների ու մատակարար կազմակերպությունների ցանկը, որոնց նկատմամբ ստուգումներ են իրականացվելու։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն իրականացնելու որոշումը կայացրել է՝ հիմնվելով «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցած տեղեկատվության վրա առ այն, որ բուժառուներն օգտվել են հետևյալ սննդատեսակներից՝ շաուրմա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով:
Ըստ այդմ, Տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի վերոնշյալ սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում, մասնավորապես՝
«Մարիոթ Արմենիա» և «Քարֆուր Արմենիա»– սաղմոնով կրուասան
«Մարիոթ Արմենիա»– ձմերուկ, պանիր, սմբուկով հացիկներ, շաուրմա բանջարեղենով, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված և հավ, ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով,
«Ռիշել գրուպ» և «Ռոք բերրի» ՍՊԸ – ելակ:
ՍԱՏՄ-ն ստուգումների արդյունքների մասին լրացուցիչ տեղեկություն կհրապարակի։
Սննդային թունավորման դեպքերը գրանցվել են Ֆրանսիայի դեսպանատանը ընդունելությունից հետո: