25 հուլիսի 2026 - 13:02 AMT
ՀՎԿԱԿ. Բյուրեղավանի ջրի երկու նմուշում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել

Բյուրեղավան համայնքում հուլիսի 17-ից գրանցված աղիքային վարակների դեպքերի կապակցությամբ շարունակվել են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումները, հայտնում է առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում կրկնակի վերցված նմուշներից 2-ում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ։ Նշված 2 հասցեների բնակիչները տեղեկացվել են, իսկ Բյուրեղավան խոշորացված համայնքի մյուս բնակիչները կարող են օգտվել ծորակի ջրից:

Ընդհանուր կոլիֆորմ մանրէները պայմանական ախտածին մանրէներ են և վկայում են խմելու ջրի հնարավոր աղտոտվածության մասին։ Դրանց առկայությունը կարող է նպաստել աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացմանը:

ՀՎԿԱԿ-ը շարունակում է մշտադիտարկումն ու անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ բնակչության առողջության պահպանման և հնարավոր նոր դեպքերի կանխարգելման նպատակով։

Հիվանդության նոր դեպքեր չեն արձանագրվել։

Հիվանդներից 2-ը շարունակում են ստանալ բուժում հիվանդանոցում, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, իսկ մյուսները ապաքինվել են և դուրս գրվել բուժհաստատությունից։

Վերջին երեք ամսվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի արդեն երկրորդ դեպքն է գրանցվե։ Հոսպիտալացված անձանց մեծ մասը երեխաներ են եղել։