
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ հանդիպմանը նշել է, որ էներգետիկ ոլորտը երկկողմ հարաբերությունների առանցքային ուղղություններից է։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստան–Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքին՝ ընդգծելով ծրագրի ռազմավարական նշանակությունը երկու երկրների էներգետիկ համակարգերի փոխկապակցվածության ամրապնդման, էլեկտրաէներգիայի փոխադարձ հոսքերի ավելացման և տարածաշրջանային էներգետիկ համագործակցության ընդլայնման տեսանկյունից։
Նախարարները նաև քննարկել են վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը և նոր ներդրումային նախաձեռնությունների խթանումը։
Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու ակտիվ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ ի նպաստ երկու երկրների էներգետիկ անվտանգության և կայուն զարգացման։
Խուդաթյանն այցելել է իրանական Թունել Սադ Արիանա» ընկերության կողմից կառուցվող նոր թունելի շինհրապարակ, ինչպես նաև «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն։ Նախարարը շրջայց է իրականացրել երկու տեղամասում էլ և ծանոթացել կատարվող աշխատանքներին։