27 հուլիսի 2026 - 11:05 AMT
Ավանում և Դավթաշենում չնախատեսված վայրերում առևտրից մոտ 7 տոննա ապրանք է առգրավվել

Երևանի Ավան և Դավթաշեն վարչական շրջաններում չնախատեսված վայրերում առևտուր իրականացնողներից առգրավվել է ընդհանուր մոտ 6 տոննա 800 կգ տարբեր ապրանքատեսականի, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունն այս վարչական շրջաններում ոչ սահմանված և ոչ նախատեսված վայրերում առևտուր իրականացնելու դեպքերով համապատասխան արձանագրություններ է կազմել և կազմակերպել առգրավման գործընթացը։

Իրականացված միջոցառումների արդյունքում Ավան վարչական շրջանում առգրավվել է մոտ 3 տոննա 200 կգ տարբեր ապրանքատեսականի, ինչպես նաև 300 ծաղիկ։

Դավթաշեն վարչական շրջանում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն առգրավել են մոտ 3 տոննա 600 կգ տարբեր ապրանքատեսականի։

Նշվում է, որ նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։