
Հայաստանում չվարձատրվող տնային և խնամքի աշխատանքի հիմնական ծանրաբեռնվածությունը բաժին է ընկնում կանանց։ Այս մասին վկայում անցկացված հետազոտության արդյունքները։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) Հայաստանի գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում իրականացված նոր ուսումնասիրության արդյունքները, որով առաջին անգամ համապարփակ գնահատվել է չվարձատրվող տնային աշխատանքի ծավալը, գրում է Auroranews.am-ը:
Նրա ներկայացմամբ՝ հետազոտության նպատակն է եղել պարզել, թե Հայաստանի բնակիչները որքան ժամանակ են հատկացնում տնային գործերին և խնամքի աշխատանքներին, որոնք ներկայում ֆինանսական գնահատում չունեն և սոցիալական առումով ևս բավարար չափով գնահատված չեն։
Ուսումնասիրության առանցքային եզրակացություններից մեկը ցույց է տվել, որ չվարձատրվող աշխատանքի հիմնական ծանրաբեռնվածությունը կրում են կանայք։ Սարգսյանը նշել է, որ համապատասխան քայլերի բացակայության դեպքում ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել նաև տնտեսական խնդիրների։
Նա ընդգծել է, որ խնդրի կարգավորման համար արդեն ձևավորվել է միջազգային փորձ, որը հնարավոր է կիրառել նաև Հայաստանում։ Միաժամանակ Լուսինե Սարգսյանը նշել է, որ բոլոր ընտանիքների համար կիրառելի մեկ միասնական լուծում գոյություն չունի։
«Պետք է ստեղծվեն այնպիսի հնարավորություններ, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք կարողանա ինքն ընտրել իր համար լավագույն տարբերակը, և ընտանիքի յուրաքանչյուր անդամ լիարժեք իրացնի իր ներուժը»,– ասել է նա։