27 հուլիսի 2026 - 17:17 AMT
Կարապետյանի հայցն ընդդեմ Կոնջորյանի մերժվել է

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ մերժել է Սամվել Կարապետյանի հայցն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի դեմ։

Կարապետյանը պահանջել էր հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները, ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել, հայտնում է Auroranews.am-ը:

Նշված գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի հուլիսի 23-ին վճիռ է կայացրել՝ Սամվել Կարապետյանի ներկայացրած հայցապահանջն ամբողջությամբ մերժելով։

Դատարանը հիմնավորված է համարել փաստաբանի ներկայացրած իրավական փաստարկը, որը հիմնվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ-ի նախադեպերի վրա։ Դրա համաձայն՝ դատավարության կողմերը հանրային անձինք են և իրականացնում են հասարակական ու քաղաքական գործունեություն, հետևաբար պետք է պատրաստ լինեն իրենց հասցեին հնչող քննադատություններին, այդ թվում՝ սուր և տհաճություն պատճառող գնահատականներին՝ ցուցաբերելով հանդուրժողականության առավել բարձր մակարդակ։

Բացի այդ, դատարանն արձանագրել է, որ Հայկ Կոնջորյանն իր հայտարարությունն արել է Ազգային ժողովի ամբիոնից՝ պատգամավորական լիազորություններն իրականացնելիս։ Հետևաբար նա օգտվում է գործառութային անձեռնմխելիությունից և, Սահմանադրության համաձայն, պատգամավորական գործունեության ընթացքում արտահայտած կարծիքի համար չի կարող պատասխանատվության ենթարկվել։

Կարապետյանը պահանջում էր, որ Հայկ Կոնջորյանը հրապարակայնորեն հերքի 2025թ. հունիսի 17-18-ին ԱԺ ամբիոնից ելույթների ընթացքում արտահայտած տվյալներն այն մասին, թե Սամվել Կարապետյանը ստանձնել է որոշ անառակաբարո տերտերների պաշտպանությունը` ունենալով գործակալական նկրտումներ, հանդես գալով որպես, այսպես կոչված, տրոյական ձիու կամ տրոյական վեղարի սկզբունքով։