27 հուլիսի 2026 - 18:59 AMT
Երևանի ավագանու չորս անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են․ Նրանք գնում են ԱԺ

Երևանի ավագանու չորս անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են, նրանք աշխատանքը կշարունակեն ԱԺ-ում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 27-ի նիստում հիմք է ընդունել Երևանի քաղաքապետի՝ ավագանու անդամներ Մեսրոպ Մանուկյանի, Լևոն Լևոնյանի, Միքայել Խաչատրյանի և Նատալյա Սինորյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ արձանագրությունները։

ԿԸՀ-ն, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասով, կազմել է արձանագրություն, համաձայն որի՝ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամների թափուր մանդատները տրվել են համապատասխան ընտրական ցուցակների հերթական հաջորդ թեկնածուներին։ Այս մասին տեղեկացրել են ԿԸՀ-ից։

Մասնավորապես, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից մանդատը փոխանցվել է Կարապետ Արտուշի Վարդանյանին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից մանդատներ են ստացել Գոհար Հարությունի Սաֆարյանը, Սերգեյ Վլադիմիրի Ապրեսյանը և Արթուր Ռազմիկի Մայիլյանը։

Ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ: