28 հուլիսի 2026 - 10:45 AMT
Զախարովա. ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ շուրջ հակամարտությանն անհնար էր

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ շուրջ հակամարտությանը հնարավոր չէր, քանի որ Հայաստանն ինքը չէր ճանաչել այդ տարածքը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Պատմություն եղավ Հայաստանի հետ, որը, կարծես, ասում էր. «Եկեք գործարկենք ՀԱՊԿ-ի մեխանիզմը»։ Բայց իրականում՝ ո՞ւմ և ինչի՞ նկատմամբ։ Այդ տարածքի՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որը հենց Հայաստանը, ցավոք թե բարեբախտաբար՝ դա իմ հարցը չէ, դա պետք է ուղղել իրենց՝ Երևանին, չէր ճանաչում ոչ որպես իրենը, ոչ էլ որպես անկախ»,– ասել է նա «Գվարդեյսկ» երիտասարդական համաժողովում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Դիվանագետն ընդգծել է, որ նման պայմաններում ՀԱՊԿ-ի մեխանիզմը կիրառել հնարավոր չէր։

Մինչդեռ ՀՀ-ն երբևէ չի ակնկալել ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը, այլ խնդրել է գործարկել այդ կազմակերպության մեխանիզմները 2022-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվել էր բուն Հայաստանի տարածքի վրա, որտեղից մինչ օրս դուրս չի բերել իր զորքերը: