28 հուլիսի 2026 - 12:20 AMT
Կամո Արեյանի գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է Հակակոռուպցիոն դատարան և մակագրվել է այդ դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին։ Այդ մասին հայտնի է դարձել «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Սարգիս Պետրոսյանը նախկինում նաև նախագահել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը, հայտնում է Sputnik Արմենիան:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Կամո Արեյանը, 2003 թվականի հուլիսի 12-ից մինչև 2009 թվականի հուլիսի 6-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելով օտարել է պետական սեփականություն հանդիսացող՝ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման հատվածում գտնվող մի շարք հողամասեր։

«Մասնավորապես, 6000 քմ մակերեսով հողամասը «Հայրենիք–Սփյուռք կամուրջ» ՀԿ–ին օտարելու, 6000 քմ մակերեսով հողամասը «Սուրբ Լազար» առողջապահական ՀԿ–ին օտարելու գործընթացներում Արեյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչով ծանր հետևանք է առաջացրել հասարակության և պետության օրինական շահերի համար»,– նշված է մեղադրանքի մեջ:

ՀՀ դատախազությունը հուլիսի 21-ին Կամո Արեյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում։

Նույն քրեական վարույթի շրջանակում 2026 թվականի ապրիլի 23-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նաև Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, հոդվածով։