
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ պետական շահերի պաշտպանության շրջանակում շարունակում է համայնքներին վերադարձնել հանրային նշանակության այն տարածքները, որոնք տարիներ առաջ ապօրինի կերպով մասնավորեցվել են՝ այգիները, պուրակները, զբոսայգիներն ու անտառային գոտիները։
Տարիների ընթացքում բազմաթիվ համայնքային այգիներ, զբոսայգիներ, պուրակներ և անտառային տարածքներ տարբեր մեխանիզմներով, օրենքի պահանջների խախտմամբ, մասնավորեցվել են։ Արդյունքում նախկինում քաղաքացիների համար ազատ հասանելի կանաչ գոտիները դարձել են մասնավոր սեփականություն՝ սահմանափակելով քաղաքացիների՝ բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի իրացումը։
ՀՀ դատախազությունը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում իրականացնելով պետական և համայնքային շահերի պաշտպանությունը, վերջին չորս տարիների ընթացքում հետևողական աշխատանք է իրականացրել այդ տարածքները համայնքների սեփականությանը վերադարձնելու ուղղությամբ։
Գերատեսչությունում ընդգծել են, որ հանրային բարիքը հանրությանը վերադարձնելու այս գործընթացի նպատակը միայն իրավական արդարության վերականգնումը չէ։ Այն միաժամանակ միտված է վերականգնելու յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը՝ օգտվելու հանրային տարածքներից։