30 հունիսի 2009 - 17:59 AMT
Ուկրաինական Մարգանեց քաղաքում զանգվածային անկարգություններ են սկսվել
Մարգանեց քաղաքի սրճարանում տեղի ունեցած կռվից հետո, որի ժամանակ զոհվեց ոստիկանության պարեկային ծառայության երիտասարդ տեսուչը, քաղաքում զանգվածային անկարգություններ են սկսվել: Այդ մասին հայտնում են Դնեպրոպետրովյան մարզի հայկական համայնքի ներկայացուցիչները: Հայտնի է, որ նրանցից որոշները, ովքեր մասնակցել են սրճարանի միջադեպին, ազգությամբ հայ էին:

Համայնքի փաստաբան Ալլա Առաքելովայի խոսքով, կռվից հետո քաղաքում սկսվեցին զանգվածային անկարգություններ, տների հրկիզումներ, ոչնչացվել են ավելի քան 15 ավտոմեքենաներ: «Կան տուժածներ, որոնց թվում` կանայք եւ ծերունիներ: Նրանց հարազատներին այժմ զանգվածայնորեն դուրս են բերում այլ քաղաքներ` Զապորոժյե, Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկ»,- ավելացրել է նա:

Իսկ կարգի հսկիչները հաղորդում են, որ Մարգանեցում իրադրությունը հսկվում է, եւ ոչ մի միջադեպեր տեղի չեն ունեցել: Նրանք պնդում են, որ միջադեպը զուտ կենցաղային հողի վրա էր տեղի ունեցել: Դնեպրոպետրովյան մարզում Ուկրաինայի ՆԳՆՎ ղեկավարի տեղակալ Իգոր Շովիկովի խոսքով, «եղել է փոքր ընդհարում, որը կարճ ժամանակում հայտնաբերվել է»:

Ներկա պահին կարգի հսկիչները ձերբակալել են մոտ երկու տասնյակ հոգու, ովքեր երկու կողմերից ընդհարման մասնակիցներ էին: Թե արդյոք նրանց մեջ կա այն մեկը, ում ձեռքով սպանվեց երիտասարդ ոստիկանը, հայտնի չէ: Բացի դրանից, հետաքննիչները պարզում են, թե ում է պատկանում դանակը` սպանության զենքը:

Հայկական համայնքի ներկայացուցիչները ոստիկանությանը մեղադրում են անգործության մեջ: Նրանք ասում են, որ կարգի հսկիչները չէին միջամտում իրադրությանը, եւ եթե այդպես շարունակվի նաեւ հետագայում, հասարակության ակտիվիստները պիկետներ կկազմակերպեն մարզի դատախազության եւ ներքին գործերի մարզային վարչության դեմ:

Մարգանեց քաղաքում դանակից սրտին ստացած վնասվածքից մահացավ 22-ամյա ոստիկանը: Նա փորձում էր դադարեցնել տեղական սրճարաններից մեկում բռնկված վեճը: Պարեկային ծառայության սերժանտը իր պարտականությունները կատարելիս չէր, քաղաքացիական հագուստով էր: Եւս չորս հոգի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է tsn.ua-ն: