
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդանում կառուցվող արհեստական բանականության տվյալային կենտրոն, որտեղ ծանոթացել է «ԱԲ գործարանի» շահագործման նախապատրաստական աշխատանքներին։
ԲՏԱ նախարարը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ գործարանի գործարկումը նախատեսվում է առաջիկա օրերին։
«Այն, ինչ ամիսներ առաջ անհնարին էր թվում, այսօր արդեն իրականություն է. Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի»,- գրել է նա։
Նախարարին շրջայցի ընթացքում ուղեկցել է Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։
Շրջայցի ընթացքում քննարկվել են նաև նախագծի հետագա զարգացման փուլերը։ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Firebird-ի իրականացրած այս ռազմավարական նախագիծը կարևոր նշանակություն ունի Հայաստանի տեխնոլոգիական զարգացման և միջազգային մրցունակության բարձրացման տեսանկյունից՝ ձևավորելով նոր հնարավորություններ գիտահետազոտական համայնքի, ստարտափների, բարձր տեխնոլոգիական ընկերությունների և պետական հատվածի համար։
«ՀՀ կառավարության և Firebird ընկերության համատեղ համագործակցության շնորհիվ Հայաստանը տեխնոլոգիաների սպառողից վերածվում է աշխարհին արհեստական բանականության բարձր տեխնոլոգիական արդյունք և լուծումներ առաջարկող երկրի, որը պատրաստ է սահմանել ապագայի խաղի կանոնները»,- ասվում է հաղորդագրությունում:
Նախագծի առաջին փուլով նախատեսվել է 500 մլն դոլարի ներդրում, իսկ հետագա փուլերում ընդհանուր ներդրումների ծավալը կհասնի մոտ 5 մլրդ դոլարի։