
Հուլիսի 28-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի և մյուսների վերաքննիչ բողոքների քննությունը։
Նիստի սկզբում հայտարարվել է, որ գործընթացին որպես դիտորդներ մասնակցում են նաև Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմենի) աշխատակազմի ներկայացուցիչները, գրում է APA-ն:
Այնուհետև դատական նիստը շարունակվել է պետական մեղադրողների ելույթներով։
Դատախազներ Ալեքբերովը և Գասիմովան հայտարարել են, որ գործով հավաքված ապացույցները հաստատել են առաջին ատյանի դատարանի եզրակացությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը, մինչդեռ վերաքննիչ բողոքներում ներկայացված փաստարկները չեն հաստատվել։
Այնուհետև ելույթ է ունեցել Գլխավոր դատախազության պետական մեղադրանքի պաշտպանության վարչության բաժնի պետ Աբբասլին, որը հայտարարել է, որ առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը լիովին համապատասխանում է ինչպես ազգային օրենսդրության պահանջներին, այնպես էլ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներին և նորմերին։
Պետական մեղադրողը դատարանին խնդրել է վերաքննիչ բողոքները թողնել առանց բավարարման, իսկ Բաքվի ռազմական դատարանի մեղադրական դատավճիռը՝ առանց փոփոխության։
Դրանից հետո նախագահող դատավորը հայտարարել է դատական վիճաբանությունների ավարտի մասին, ինչից հետո պաշտպանության կողմին օրենքով նախատեսված կարգով հնարավորություն է տրվել օգտվելու պատասխան խոսքի իրավունքից։
Առաջինը այդ իրավունքից օգտվել է Բակո Սահակյանի պաշտպանը։ Փաստաբանը դատարանին խնդրել է բավարարել վերաքննիչ բողոքները, բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Սահակյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ։
Այնուհետև պատասխան խոսքի իրավունքը տրվել է հենց Սահակյանին։ Նա նշել է, որ ցանկանում է այդ իրավունքից օգտվել հաջորդ դատական նիստում։
Դրանից հետո պատասխան խոսքի իրավունք է տրվել մեղադրյալ Արայիկ Հարությունյանի պաշտպանին։ Պաշտպանը դատարանին խնդրել է իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ։ Հարությունյանը նույնպես օգտվել է պատասխան խոսքի իրավունքից և հայտարարել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 31-ին։
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:
Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։