
Հայաստանի ամբողջ տարածքում առաջիկա հինգ օրվա ընթացքում +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը: Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +35... +36 աստիճանի սահմաններում»,- նշել է Սուրենյանը:
Նա նշել է, որ այս տարի +40 աստիճան տաքություն դեռ չենք ունեցել՝ ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է հուլիսի 26-ին Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում, որտեղ այն հասել է 38-39 աստիճանի։
Հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-2-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
2017 թվականին Արարատյան դաշտում հուլիսի 29-ին գրանցվել էր +42.6 աստիճան տաքություն։