30 հունիսի 2009 - 18:51 AMT
Իրանի գազն ու իրանական տարանցումը Jack-pot են Մեծ խաղում
Իրանում ծավալված ներքաղաքական ճգնաժամի գազային ենթատեքստը եթե նկատելի չէ արտաքին քաղաքականության ասպարեզում, ապա իր տեղն ունի միջազգային հանրության արձագանքներում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Ըստ նրա, երկրի եզակի դիրքը, ելքը դեպի Կասպից ծով եւ Պարսից ծոց միաժամանակ, աշխարհում գազի եւ նավթի ծավալով երկրորդ պաշարների առկայությունը վերածում են Իրանը առանցքային խաղացողի Հարավային էներգետիկ միջանցքի ձեւավորման հարցում: «Իրանին հարակից տարածշարջանների խճճումը տարբեր հուշագրերով, հռչակագրերով, այս կան այն էներգետիկ ու խողովակաշարային նախագծերի վերաբերյալ պայմանագրերով միանգամայն տեղավորվում է այն Մեծ խաղի տրամաբանության մեջ, որտեղ Jack-pot-ը իրանական գազն ու տարանցումն է»,-ասել է փորձագետը:
Ռ.Մեհրաբյանը գտնում է, որ Իրանը չի կարողանա շարունակել իր էներգետիկ քաղաքականության ստատուս-կվոյի կոնսերվացման քաղաքակնությունը, նույնիսկ եթե Համենեի-Ահմադինեժադին հաջողվի ճնշել համընդհանուր քաղաքացիական շարժումը եւ պահպանել իշխանությունը: Կարելի է ասել, որ Իրանը դեռ իր խոսքը չի ասել: Եվ բոլորը սպասում են, թե ինչ է ասելու: Հակասությունները եւ նույնիսկ պառակտումը երկրի իշխանության բարձրագույն ղեկավարության շարքերում պայմանավորված են երկրի բաց լինելու համատեքստով, ինչը կախված է Արեւմուտքի հետ երկրի հարաբերությունների փոփոխման բնույթից: Իսկ այդ փոփոխությունների իրականացումը կանդրադառնա նաեւ գազի արտահանման հեռանկարների, Իրանի վառելիքա-էներգետիկ համալիրում լայնածավալ ներդրումների, նոր տեխնոլոգիաների ներդրման վրա: Այնպես որ առավելություններն ակնհյատ են: Այնպես որ արմատական կրոնավորները ծանրակշիռ փաստարկներ չունեն ապացուցելու համար, թե ինչու իրենց երկիրը պետք է մերժված լինի հանրության կողմից, իսկ նրա քաղաքացիները` գնդակահարվեն քաղաքի փողոցներում: Հատկապես դա դժվար է ապացուցել ինտերնետի սերնդին: 15-րդ դարը չի կարող մրցել 21-րդ դարի հետ»,-ասել է փորձագետը:
Մեհրաբյանը վստահ է, որ բաց Իրանը շանս է նաեւ Հայաստանի համար: «Ակտիվորեն ներգրավվելով համաշխարհային քաղաքական եւ տնտեսական գործընթացների մեջ, Իրանը կկարողանա դառնալ Մեծ Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական փոփոխությունների խթանը, ինչը «կբուժի» տարածաշրջանի բնակչության լայն շրջանակներին հետգաղութատիրական սինդրոմից: Ես կարծում եմ, որ մեր մեծ ու բարի հարեւան երկրում կհաղթի ազատությունն ու արդարությունը, որի համար պայաքարում են նրա քաղաքացիները: Բաց Իրանը մի գործոն է, որը բազում լծակներից է զրկում ՌԴ էներգետիկ քաղաքականությունն իր այժմայն տեսքում: Այսինքն սա նաեւ գործոն է, որը կարող է խթանել ներքին փոփոխությունները ՌԴ-ում եւ հետխորհրդային տարածքում»,-ասել է նա: