30 հուլիսի 2026 - 12:06 AMT
Սննդային թունավորումով ԲԿ տեղափոխված բուժառուներից մի քանիսի մոտ հաստատվել է ստաֆիլակոկ

Լոռու և Տավուշի մարզերում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժկենտրոններ դիմած քաղաքացիների թիվը հասել է 22-ի, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ ներկայացնելով Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո արձանագրված դեպքի նոր մանրամասները։

Կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները մասնակցել են Լոռու մարզի Ճոճկան գյուղում տեղի ունեցած հարսանյաց հանդիսությանը։

Մի քանի բուժառուի մոտ կա ստաֆիլակոկի հաստատում: Հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Հիվանդների մոտ դիտվել են սուր աղիքային վարակին բնորոշ ախտանիշներ՝ հիմնականում լուծ և փսխում՝ առանց բարձր ջերմության։ Բոլոր հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Դեպքի առնչությամբ ՀՎԿԱԿ-ի մասնագետների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ։ Վերցվել են հիվանդներից կենսանմուշներ, ինչպես նաև սննդամթերքի և շրջակա միջավայրի նմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով։

ՀՎԿԱԿ-ը հորդորում է սննդային թունավորումների կանխարգելման նպատակով պահպանել սննդամթերքի պատրաստման, պահպանման և օգտագործման հիգիենիկ կանոնները, ինչպես նաև հիվանդության ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության։