30 հունիսի 2009 - 19:03 AMT
Հունաստանը բաց է Հայաստանի ձեռներեցների համար
Հայ ձեռներեցները շահագրգռված են շինարարական, ինչպես նաեւ գյուղտնտտեխնիկայի, պարարտանյութերի, դեղագործության, IT-ոլորտում հայ-հունական համատեղ բիզնեսի զարգացման հարցում, լրագրողներին հայտնել է Սալոնիկ քաղաքի (Հունաստան) Առեւտրա-արդյունաբերական պալատի հետազոտությունների եւ ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Անտոնիոս Բումպուլաս:

Նա հույս է հայտնել, որ համաժողովի արդյունքներով այդ ոլորտներում ձեռք կբերվեն պայմանավորվածություններ եւ կստորագրվեն համաձայնագրեր: «Այս ծրագիրը բաց է, մեր դռները միշտ բաց են, իսկ մեր կողմից կոմերցիոն նպատակներով ամեն հնարավոր օժանդակություն կցուցաբերվի հետագա աշխատանքի ու համագործակցության համար»,- ասել է նա: ինչպես նշել է Բումպուլասը, ներկա պահին ինքը չի տնօրինում համատեղ հայ-հունական ձեռնարկությունների առկայության մասին տեղեկատվությամբ, բայց այս համաժողովը կծառայի նման ձեռնարկությունների ստեզծմանը, քանի որ Հունաստանում շատ մեծ սփյուռք կա:

Հունիսի 29-հուլիսի 9 Երեւանում է Հունաստանի պատվիրակությունը, որի կազմում Հունաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատի ներկայացուցիչներն ու ձեռներեցները: Հայ-հունական բիզնես-համաժողովը ընթանում է ԵՄ «Էրասմուս Մունդուս» ծրագրի շրջանակներում, որը արտաքին համագործակցության ծրագիր է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի համար ուսանողների փոխանակության կատարելագործման եւ Հունաստանի ու այդ երկրների միջեւ բիզնես-համագործակցության հաստատման նպատակով: