
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է անհետ կորած համարվող Վահե Ապիկյանը: ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների և քաղաքացիների համատեղ որոնողական աշխատանքի արդյունքում նա անվնաս հայտնաբերվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղում։
2012 թվականին ծնված Վահեի անհետ կորելու մասին հազորդվել էր հուլիսի 29-ին։
«Ժամը 14։45-ի սահմաններում ոստիկաններն ու քաղաքացիները Գառնիում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող, 2012թ. ծնված Վահե Ապիկյանին։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Լուրը հաստատել է նաև տղայի հայրը՝ Տիգրանը։ Նրա խոսքով՝ նախորդ օրից որոնվող Վահե Ապիկյանը գտնվել է Գողթի անտառային տարածքներից, հայտնում է Panorama.am-ը:
Հայրը նշել է, որ դեռ չի հասցրել տեսնել որդուն, քանի որ այս պահին նրան տեղափոխում են ոստիկանության բաժին, և իրենք այնտեղ են ուղևորվում։ Տիգրանի խոսքով՝ երեխայի առողջական վիճակը լավ է։