1 հուլիսի 2009 - 16:38 AMT
Հուլիսի 22-ին տեղի է ունենալու Վահագն Չախալյանի գործի կրկնակի լսումը
Հունիսի 30-ին վերջնականապես հաստատվեց, որ Վրաստանը նոր օրենք է ընդունել այն մասին, որ օտարազգի փաստաբանները չպետք է պաշտպանեն վրացական բանտարկյալների իրավունքները: Այդ մասին Երեւանում մամոլ ասուլիսի ժամանակ հայտարարել է «Երկիր» Հայրենադարձման եւ յուրացման հասարակական կազմակերպությունների միության ծրագրի համակարգող Ռոբերտ Թաթոյանը: Նրա խոսքերով, վրացական իշխանություններն այնքան են վախենում Վահագն Չախալյանից, որ անում են ամեն ինչ, որ նա ազատություն չստանա:

Թաթոյանը նշեց, որ Չախալյանի ընտանիքը եւ Չախալյանն անընդհատ ենթարկվում են վրացական իշխանությունների հարձակումներին: «Չախալյանին չի թույլատրվում հայերեն խոսել հեռախոսով, որի պատճառով նա հաճախ կոնֆլիտներ է ունենում բանտապահների հետ: Չախալյանի փաստաբաններ Պատրիկ Արապյանին, Ստեփան Ոսկանյանին եւ Զուրաբ Ռոստիաշվիլուն արգելված են այցելությունները: Չախալյանի ընտանիքին խոշոր գումարներով բազմաթիվ տուգանքներ են ներկայացրել, որոնք նրանք պետք է վճարեին կարճ ժամկետներում, ինչի արդյունքում նրանք պարտքեր են կուտակել»,- ասել է Թաթոյանը:

Իր հերթին «Երկիր» միության ղեկավար Սեւակ Արծրունին ավելացրեց, որ վրացական իշխանությունները բազմիցս առաջարկել են Չախալյանին ընդունել իր մեղքը, եւ այդ դեպքում նրան ազատ կարձակեն, բայց նա հրաժարվում է:

Ապրիլի 6-7-ը Վրաստանի Ախալցխայի շրջանային դատարանում կայացել է Ջավախքի քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի եզրափակիչ դատալսումը: Դատարանի որոշմամբ Չախալյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Չախալյանի ընտանիքը չի համաձայնել որոշման հետ եւ բողոքարկել է այն, հուլիսի 22-ին կայանալու է գործի կրկնակի լսումը: