2 հուլիսի 2009 - 23:44 AMT
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դեմ էր համաներմանը
Երեւանում ավարտվել է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը, որի ընթացքում Մատենադարանի մոտ հավաքվել էր մոտ 6000 մարդ: Հանրահավաքի ավարտին ելույթ ունեցավ վերջերս համաներված ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը:

«Մենք միշտ դեմ ենք եղել համաներմանը: Համաներումը վերաբերում է նրանց, ովքեր հանցագործություն են կատարել, իսկ մեզ ձերբակալել էին մեր քաղաքական հայացքների եւ համոզմունքների համար»,- հայտարարել է Ջհանգիրյանը: Նրա խոսքերով, իշխանությունները կործանեցին սեփական «հանճարեղ» ծրագիրը. այն է` կոտրել ընդդիմությունը:

Ընդ որում, Ջհանգիրյանը նշել է, որ համաներումը հնարավոր է դարձել ոչ թե իշխանությունների մեծահոգության շնորհիվ, այլ հանդիսանում է ժողովրդի շարունակական պայքարի հետեւանք: Նա նաեւ հայտարարել է, որ ՀԱԿ-ը պայքարելու է այնքան ժամանակ, մինչեւ երկրում չմնա եւ ոչ մի քաղբանտարկյալ: