3 հուլիսի 2009 - 12:45 AMT
Դիլիջանում տեղի կունենա «ՏՏ-առաջնորդներն առանց փոխկապների» համաժողովը
Հուլիսի 4-5 Դիլիջանում տեղի կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Համաժողովի կազմակերպիչներն են` Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը:

Համաժողովին կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Կենտրոնական բանկի, Պետեկամուտների կոմիտեի, Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի շուրջ 80 ներկայացուցիչներ, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիայի տեղական եւ արտերկրի ձեռնարկությունների ներկայացուցիչներ: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ու ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:

Համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանում մրցունակ տեղեկատվական ու հեռահաղորդակցային ինդուստրիայի ու տեղեկատվական հասարակության ձեւավորմանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների ղեկավարներն ոչ պաշտոնական հանդիպումներ են ունենում ամեն եռամսյակ: