3 հուլիսի 2009 - 14:37 AMT
Մինչեւ աշուն իտալացի մասնագետները կավարտեն Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնումը
Օգոստոսի 23-ին Հայաստան կժամանեն իտալացի մասնագետները, որպեսզի ավարտին հասցնեն Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնողական աշխատանքները:

2007թ. Հայաստանի կառավարությունը 5,5 մլն դրամ է հատկացրել Մինասի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնման համար, որը գտնվում էր Գյումրիի էլեկտրատեխնիկական գործարանում: Քանի որ Հայաստանում բացակայում է վերականգնողական դպրոցը եւ չկան համապատասխան մասնագետներ, Մշակույթի նախարարությունը, Ֆլորենցիայում բնակվող հայտնի քանդակագործ Վիգեն Ավետիսի միջնորդությամբ, դիմեց Հռոմի Պալացցո Սպինելի արվեստի եւ վերականգնողական աշխատանքների ինստիտուտին` Հայաստան մասնագետներ ուղարկելու խնդրանքով:

2008թ.-ի ամռանը իտալացի երեք մասնագետ ժամանեցին Հայաստան - իրականացրեցին Մինաս Ավետիսյանի Գյումրիում գտնվող «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնողական աշխատանքների առաջին փուլը: Նույն թվականի աշնանը իտալացի երկու մասնագետ եւս ժամանեցին Հայաստան` իրականացնելու վերականգնողական աշխատաքների երկրորդ փուլը: Իտալացիները Գյումրիի էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի մասնաճյուղի պատից հանեցին որմնանկարը եւ տեղափոխեցին Ջաջուռի Մինաս Ավետիսյանի թանգարան: